Հասարակություն

Ինչ է կատարվում Վերին Լարսում. Dolce velle

Ինչ է կատարվում Վերին Լարսում. Dolce velle
Վերին Լարսի անցակետում վերջին օրերին ուղևորահոսքի աճի մասին տեղեկությունները Ռուսաստանում հնարավոր նոր զորահավաքի հետ կապելու վարկածներ են առաջացրել։ Սակայն վրացական կողմը հերքել է «ռեկորդային» հոսքի…

Վերին Լարսի անցակետում վերջին օրերին ուղևորահոսքի աճի մասին տեղեկությունները Ռուսաստանում հնարավոր նոր զորահավաքի հետ կապելու վարկածներ են առաջացրել։ Սակայն վրացական կողմը հերքել է «ռեկորդային» հոսքի մասին պնդումները, իսկ տեղում արտակարգ կուտակումներ չեն արձանագրվել, գրում է DW-ն։


Օգոստոսի 18-ին Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը հայտնել էր, որ մեկ օրվա ընթացքում ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետով անցել է շուրջ 20 հազար մարդ՝ արձանագրելով նաև մարդատար ավտոմեքենաների «ռեկորդային քանակ»։


Այս հայտարարությունից հետո ենթադրություններ էին տարածվել, որ Ռուսաստանի քաղաքացիները, ինչպես 2022 թվականի զորահավաքի ժամանակ, զանգվածաբար մեկնում են Վրաստան՝ հնարավոր նոր զորահավաքից խուսափելու նպատակով։


Սակայն օգոստոսի 19-ին Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ մեկ օրվա ընթացքում Վերին Լարսով Վրաստան է մուտք գործել տարբեր երկրների 7 880 քաղաքացի, իսկ հակառակ ուղղությամբ՝ Վրաստանից Ռուսաստան, մեկնել է 8 406 մարդ։ Վրացական գերատեսչությունը նաև կոչ է արել զերծ մնալ «չստուգված տեղեկությունների» տարածումից։


Ավելի ուշ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը պարզաբանել է, որ 20 հազար ցուցանիշը ներառել է սահմանահատումները երկու ուղղություններով՝ ինչպես Ռուսաստան մուտքը, այնպես էլ երկրից ելքը։ Օգոստոսի 19-ին սահմանահատումների ընդհանուր թիվը կազմել է 16 հազարից մի փոքր ավելի։


Ռուսական գերատեսչության տվյալներով՝ ներկայում ավելի մեծ ուղևորահոսք է նկատվում Ռուսաստան մուտքի ուղղությամբ, ինչը պայմանավորված է արձակուրդային շրջանի ավարտով և հանգստից քաղաքացիների վերադարձով։ Միաժամանակ Ռուսաստանից ելքի ուղղությամբ ևս ինտենսիվ երթևեկությունը պահպանվում է՝ զբոսաշրջային սեզոնի շարունակվելու պատճառով։


Վերջին օրերին անցակետի ծանրաբեռնվածության պատճառներից մեկը կարող էր լինել նաև օգոստոսի 13-ին հորդառատ անձրևներից հետո սելավի վտանգի պատճառով Վերին Լարսի ժամանակավոր փակումը։ Այդ ընթացքում սահմանին տրանսպորտային միջոցներ էին կուտակվել։


Օգոստոսի 20-ի դրությամբ Վերին Լարսում արտակարգ հերթեր չեն նկատվում։ Տեղում հարցված ճանապարհորդներից մի քանիսը հայտնել են, որ սահմանն անցել են մոտ մեկ ժամում։ Վրացի սահմանապահներից մեկը ևս նշել է, որ ուղևորահոսքի արտասովոր աճ չի արձանագրվել, և իրավիճակը համադրելի է նախորդ տարվա հետ։


Ռուսաստանից Վրաստան մեկնող որոշ քաղաքացիներ էլ լրագրողների հետ զրույցում հերքել են, որ իրենց ուղևորությունը կապված է հնարավոր զորահավաքի հետ՝ նշելով, որ մեկնում են զբոսաշրջային կամ անձնական նպատակներով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250