ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնդակոծության հետևանքով լրջորեն տուժել է Սոթք համայնքում գտնվող Գեղարքունիքի մարզի վարչական շենքը
Ադրբեջանի զինված ուժերի կողմից համայնքի հրետանային գնդակոծության հետևանքով լրջորեն տուժել է Սոթք համայնքում գտնվող Գեղարքունիքի մարզի վարչական շենքը։ Սոթքում գտնվող infoteka24-ի և karabakhrecords-ի թղթակիցները հայտնում են, որ գյուղում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ և բնակելի շենքեր։ Այս կրակոցները եւս մեկ անգամ ապացուցում են, որ ագրեսորի թիրախը ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքացիական օբյեկտներն են։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Հայկական կողմն ունի 49 զոհ և 80 վիրավոր, վիրավորներից երեքը քաղաքացիական անձինք են։