ԱՄՆ-ն տեսել է բավական ապացույցներ, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը. ԱՄՆ պետդեպ
Միացյալ Նահանգները տեսել է բավական ապացույցներ այն փաստի մասին, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը։ Այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։
«Ինչպես արդեն ասացինք՝ պետքարտուղար Բլինկենի հայտարարության մեջ նա կոչ էր արել Ադրբեջանի նախագահ Ալիևին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դադարեցնել ռազմական ուժերի ներգրավումը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարևոր հարցերի կարգավորման գործում... Մենք զգալի ապացույցներ ենք տեսել, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը և զգալի վնաս հասցնում Հայաստանի ենթակառուցվածքներին։ Սակայն ամենակարևորը մեզ համար այն է, որ երկու կողմերն էլ հանձնառու լինեն ռազմական գործողությունների դադարեցմանը և ավելի լայն համատեքստում ապաէսկալացմանը»,- նշել է Փրայսը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 49 զոհ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը երեկոյան ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Թորոսյանի խոսքով՝ հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: