Նախարարը՝ ԵՊՀ շենքի հյուրանոց դառնալու լուրերի մասին

 Ցանկացած ծախս, ինչ միտված է կրթության որակի բարձրացմանը՝ արդարացված է. կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

 

«Այո՛, ակադեմիական քաղաքի գաղափարն արդեն անցնում է գործնական փուլ, այո՛, քննարկվում են տարբերակներ եղած բուհերը ոչ թե միավորելու, այլ ստեղծելու նոր բուհեր՝ եղած բուհերի հենքով։ Դրանք չեն լինելու մեխանիկական միավորումներ, լինելու է հստակ բովանդակային մոտեցում։ Ես դրական եմ նայում գաղափարին», - ասաց նախարարը։

 

Նա  նշեց, թե գաղափարի հիմքն է ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան բուհեր, ենթակառուցվածքներ, ինչը հնարավոր է իրագործել Աշտարակ քաղաքի այն տարածքում, որի մասին հայտարարվել է։

«Վստահ եղեք, Երևանի պետական համալսարանի շենքը կմնա ԵՊՀ շենք», - ասաց  Վահրամ Դումանյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե քննարկումներ կան, որ ԵՊՀ շենքը կարող է վերածվել հյուրանոցի։

«Կմնա ԵՊՀ շենք. դասապրոցես կլինի, թե ինչ-որ ադմինիստրատիվ կորպուս կլինի... այլ քննարկում չի եղել, դա որոշ մարդկանց հիվանդ երևակայության արդյունք է եղել։ Նման բան ընդհանրապես լուրջ մարդկանցից չեմ լսել երբևէ», - ասաց նախարարը։

Քաղաքականություն

Պատահարներ