Ադրբեջանցու կրակոցից մահացած զինվորը վնասվածքը ստացել է գլխի շրջանում. մանրամասներ

ՀՀ արևելյան սահմանի մարտական դիրքերից մեկում Ադրբեջանի ԶՈւ կրակոցից մահացած 20-ամյա զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։


Հայտնել ենք, որ սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ–ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Արման Սարգսյանը։ 


«Ըստ նախնական տեղեկությունների` Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներից մեկը կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի ուղղությամբ, ինչի արդյունքում նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գագիկի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վնասվածք»,– ասված է հաղորդագրությունում։

 
Նշվում է, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ) և 15-րդ կետերով (Սպանությունը, որը կատարվել է ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով)։ 


Նշենք, որ «Փաստինֆո» կայքի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնել է, որ հակառակորդը կրակել է Ներքին Շորժա և Ախպրաձոր գյուղերի դիրքերի ուղղությամբ։ Նա ընդգծել է, որր կարճատև կրակոցներ են եղել։ 
Կարեն Սարգսյանը նաև ասել է, որ զոհված Արման Սարգսյանը եղել է Վայոց Ձորի Մալիշկա գյուղից։

Քաղաքականություն