Ադրբեջանցիները ՀՀ ԶՈՒ համազգեստով եկել են դեպի մեր դիրքեր, Հարությունյանը չի ուսումնասիրել ու ասել է, թե յուրայիններ են․ ՔԿ
Քիչ առաջ հայտնել էինք, որ մեղադրանք է առաջադրվել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին։
Ստորև ներկայացնում ենք մեղադրանքից առանձնացված մեկ հատված, որը ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեն։
Այսպես.
2020 թվականի հոկտեմբերի 11-ին N զորամասի հրետանային դիվիզիոնը կրակային դիրք է զբաղեցրել Վարանդայի շրջանի Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում: Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, նշված կրակային դիրքից շուրջ 1 կմ առաջ՝ բլրի վրա, տեղակայված դիվիզիոնի հրամանատարական դիտակետից դիտարկվել է 100-ից ավելի զինծառայողներից բաղկացած խմբի տեղաշարժ դեպի կրակային դիրքի ուղղությամբ, որոնց մեջ նկատվել են նաև ՀՀ ԶՈՒ համազգեստ կրող անձինք:
Հրամանատարական դիտակետում գտնվող դիվիզիոնի հրամանատարը, տեսնելով նշված խմբավորմանը և կասկածելով հակառակորդի դիվերսիոն խումբ լինելու մեջ, անմիջապես ռադիոկապի միջոցով իր ենթակա անձնակազմին հրամայել է թողնել կրակային դիրքը, որից հետո դուրս է եկել դիտակետից և շտապել իր անձնակազմի մոտ: Այդ ընթացքում զորամասի հրետանու պետը մոտեցող խմբավորման մասին ռադիոկապով զեկուցել է բանակի հրետանու բաժին և խնդրել ճշտել նրանց պատկանելությունը: Հրետանու բաժնից այդ տեղեկությունը փոխացնվել է հրամանատարական կետում գտնվող գնդապետ Գ.Բ-ին, ով իր հերթին այդ մասին զեկուցել է գեներալ-լեյտենանտ Ջ.Հ-ին։ Վերջինս համակողմանի չի ուսումնասիրել, մշակել, դասակարգել հավաստիության աստիճանով իրադրության մասին ստացված տեղեկատվությունը, չի համադրել տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունների հետ, լրացուցիչ հետախուզություն չի կազմակերպել, իրադրության տվյալների վերլուծություն և գնահատման արդյունքում ամբողջական ու հիմնավորված եզրահանգումներ չի կատարել, համապատասխան ծառայությունների սպաների հետ ստացված տեղեկությունը չի քննարկել, իր աշխատանքային քարտեզները չի ուսումնասիրել, սակայն առանց հիմնավորման նշել է, որ տվյալ խմբավորումը յուրային է, ինչը փոխանցվել է դիվիզիոնի անձնակազմին:
Այդ ընթացքում՝ մինչև խորացված հրամանատարական կետից տեղեկություն ստանալը, կրակային դիրքերի անձնակազմը պատրաստվել է թողնել այն, մոտեցրել են մեքենաները և սկսել հավաքել իրերը: Հրետանու շտաբից առաջ շարժվող խմբի յուրային լինելու վերաբերյալ տեղեկությունը N զորամասի հրետանու պետին փոխանցելուց հետո վերջինիս ցուցումով դիվիզիոնը կրկին մնացել է կրակային դիրքում և շարունակել ծառայությունը, մեքենաները վերադարձրել են նախկին կայանման վայրեր: Դիվիզիոնի հրամանատարը կասկածանքով է վերաբերվել ստացված տեղեկությանը և խնդրել է ևս մեկ անգամ իր ներկայությամբ հստակեցնել նկատված խմբավորման պատկանելությունը, ինչից հետո կրկին ռադիոկապով համապատասխան հրամանատարական օղակների միջոցով տեղեկությունը հստակեցնելու լրացուցիչ խնդրանքով զեկուցվել է գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ին։
Վերջինս, այս անգամ մոտենալով աշխատանքային քարտեզին, օպերատիվ և հետախուզության բաժինների սպաների հետ միասին քննարկում է կատարել, որից հետո, առանց հստակեցնելու մոտեցող անձնակազմի պատկանելությունը, քարտեզներում չունենալով որևէ տեղեկատվություն տվյալ շրջանում համազորային ստորաբաժանումների տեղաշարժի վերաբերյալ, հայտնել է, որ խմբավորումը յուրային է, որը փոխանցվել է դիվիզիոնի անձնակազմին:
Վերադառնալով դիվիզիոնի հրամանատարական դիտակետ՝ դիվիզիոնի հրամանատարը շարունակել է կասկածել մոտեցող խմբավորման յուրային լինելու վերաբերյալ ստացված տեղեկատվությանը և շարունակել դիտարկումը: Մի քանի րոպե անց հակառակորդի դիվերսիոն խումբը շրջանցել է հրամանատարական դիտակետը և առաջ շարժվել դեպի կրակային դիրքերի ուղղությամբ: Դիվիզիոնի հրամանատարը շուրջ 500 մետրից հավաստիացել է մոտեցող խմբի ոչ յուրային լինելու մեջ և կարգրադրել լքել կրակային դիրքը, սակայն գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ի կողմից սխալ տեղեկություններ փոխանցելու և դրանով պայմանավորված՝ ժամանակավրեպ հրաման արձակելու հետևանքով հակառակորդն արդեն դուրս է եկել 1-ին մարտկոցի կրակային դիրքի առջևի հողաթմբի վրա և շուրջ 400 մետր հեռավորությունից հրաձգային զենքերից և նռնականետերից կրակ արձակել 1-ին մարտկոցի անձնակազմի և մեքենաների ուղղությամբ:
2-րդ մարտկոցի անձնակազմը, մոտ լինելով ճանապարհին, մարտ վարելով և կրելով 3 վիրավոր, հասցրել է դուրս գալ կրակային դիրքից՝ այնտեղ թողնելով հրանոթները և այլ նյութական միջոցները, մինչդեռ 1-ին մարտկոցը հայտնվել է անմիջապես հակառակորդի թիրախում, առկա միջոցներով մարտ է վարել և փորձել է դուրս գալ կրակային դիրքից, որի հետևանքով ուժերի և միջոցների անհավասար մարտում զոհվել են մարտկոցի անձնակազմի 20 զինծառայողներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայողներ, հրետանու պետ, փոխգնդապետ Ն.Հ-ի գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է, Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում N զորամասի հրետանային դիվիզիոնի հրամանատարական դիտակետը և զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ, այդ թվում՝ դիրքերում մնացել են թվով 8 հատ Դ-20 հրանոթները, թվով 4 հատ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները, մեծաքանակ զենք-զինամթերքը, այդ թվում՝ հրանոթի արկերը, հրամանատարական դիտակետում և մարտկոցներում պահվող ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերը, հակառակորդը ստացել է տարածքային և ռազմավարական առավելություն տվյալ շրջանում, այն է՝ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 13-ին, հակառակորդի նշված դիվերսիոն խումբն առանց խոչընդոտների հասել և վերահսկողության տակ է վերցրել N զորամասի մշտական տեղակայման վայրը: