ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարբեր չափի և քաշի ադամանդե քարեր և չհայտարարագրված 40․900 ԱՄՆ դոլար են հայտնաբերել
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող թանկարժեք քարերի փոխադրման դեպքերը, ինչպես նաեւ շարունակում է պայքարը հանրապետության սահմանով առանց հայտարարագրման կանխիկ դրամական միջոցների տեղափոխման դեմ։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցները, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորային համալիրի մաքսային հսկողության գոտում, Արեւմտյան մաքսատուն վարչության աշխատակիցների հետ համատեղ մաքսային զննման են ենթարկել Դուբայ-Երեւան ավիաչվերթով ժամանած ՀՀ քաղաքացի Վ. Ո.-ին, ով ընտրել էր մաքսային հսկողության «կանաչ ուղի» ընթացակարգը: Նրա նկատմամբ իրականացված մաքսային հսկողության արդյունքում վերջինիս մոտ հայտնաբերվել է 40.900 ԱՄՆ դոլար չհայտարարագրված գումար, իսկ անձնական զննման արդյունքում հայտնաբերվել են չհայտարարագրված` տարբեր չափի եւ քաշի ադամանդե քարեր: Փաթեթավորումների եւ առկա սերտիֆիկատների վրա առկա տվյալների համաձայն, իրավախախտման առարկա հանդիսացող ադամանդների ընդհանուր զանգվածը կազմում է ավելի քան 70 կարատ։
Քաղաքացու մոտ չհայտարարագրված կանխիկ գումար հայտնաբերելու փաստով՝ կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից նախապատրաստվել են նյութեր` ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որոնք տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը, իսկ մաքսային հսկողությունից թաքցված ադամանդե քարեր հայտնաբերելու փաստով՝ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից առանձնացվել են նյութեր՝ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը: