«Մարմինը կարող է մոխրացած լինել»․ Եմիշյանը՝ փնտրվող քաղաքացու, այս պահին «Սուրմալու»-ի տարածքում կատարվողի մասին
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո որոնվող քաղաքացիներից մեկի դին դեռ չի հաջողվել գտնել։ Չի բացառվում, որ այն մոխրացած լինի։ Դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը։
«Այն հատվածում, ուր հնարավոր էր` քաղաքացին լիներ, որոնումներ ենք իրականացրել, այսինքն` բոլոր հավանական տեղերում նայում էինք։ Նկուղի հատվածը նայել ենք, առաջին հարկը նույնպես։ Ինչ վերաբերում է պահեստային հատվածին, ապա 20 ժամից ավել հրդեհաշիջում էինք անում, քանի որ 500-1000 աստիճան տաքություն է եղել»,–ասաց Եմիշյանը։
Պատասխանելով լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է, որ մարմինը մոխրացած լինի, Եմիշյանը պատասխանեց, թե այո՛, սակայն այդ տարածքում 1-1.5 մետր մոխիր է եղել և հնարավոր չի լինի մոխրից փորձաքննություն անել։ Սակայն մինչ այս պահը, ըստ Եմիշյանի, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, չնայած բացառում են, որ առաջին և երկրորդ հարկերում քաղաքացու դի կգտնեն։ Մյուս կողմից, ըստ նրա, եթե անգամ 1 տոկոս հավանականություն կա նրան գտնելու, որոնողափրկարարական աշխատանքները չեն դադարեցվելու։
Նա հավելեց, որ մոխիրների մեջ մասունքներ են փնտրել, սակայն դա էլ չեն կարողացել գտնել։
Եմիշյանը նշեց` 40քմ տարածք է մնացել որոնողափրկարարական աշխատանքների համար։