«Սուրմալու»-ի ողբերգությունը փորձում են կապել «ՍԻԼ գրուպ»–ի հետ. Աննա Մկրտչյան

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո սոցիալական տարբեր հարթակներում կարծիքներ են շրջանառվում, որ պայթյունի հետ կարող են առնչություն ունենալ այն ընկերությունները, որոնք առևտրի կենտրոնի տարածքով կարող էին հետաքրքրված լինել։ Այդ ընկերությունների թվում շրջանառվում էր նաև «ՍԻԼ գրուպ»–ի անունը։

 

Այս առնչությամբ «ՍԻԼ գրուպ»–ի անունից պարզաբանում է տվել Աննա Մկրտչյանը։

Վերջինս նշել է, որ անընդունելի է համարում քաղաքական դիվիդենտներ քաղելու փորձը նման իրավիճակում և նման լուրեր տարածողներին պատասխանելու և մեկնաբանելու կարիք չի տեսնում։


«Թող իրավապահները պարզեն պայթյունի իրական պատճառն էլ, սուտ լուրեր տարածողների մոտիվացիան էլ։ Ցավակցում եմ զոհվածների հարազատներին»,–իր գրառման մեջ նշել է Մկրտչյանը։

 

Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ միավոր լրացուցիչ տեխնիկա։

Դեպքի վայր են մեկնել Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը։

Քաղաքականություն