«Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել. ՀՖՖ-ի և «Փյունիկ» ՖԱ-ի հայտարարությունը
Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած միջազգային հանդիպումների ընթացքում գրանցվել են ֆուտբոլային հանդիպումների, ընդհանրապես, սպորտի հետ անհամատեղելի իրադարձություններ, որոնք հղի են հայկական ֆուտբոլի համար ամենալուրջ հետեւանքներով:
Հանդիպումներին ներկա տասնյակ քաղաքացիներ՝ մեծամասամբ դեռահասներ, մուտք են գործել խաղադաշտ, տրիբունաներում պարբերաբար արձանագրվել են ծեծկռտուքի դեպքեր, իրականացվել են նաեւ մի շարք քաղաքական ակցիաներ:
Այս մասին հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը:
Հայաստանում առկա եվրոպական բարձր չափանիշներին համապատասխանող միակ՝ «Հանրապետական» մարզադաշտը, կարող է որակազրկվել, եթե ֆուտբոլասերները շարունակեն ֆուտբոլային հանդիպումներից հետո տարատեսակ ակցիաներ անել։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նշում են, որ այդ դեպքում ինչպես Հայաստանի ազգային հավաքականը, այնպես էլ մեր ակումբները ստիպված կլինեն տնային հանդիպումներն անցկացնել չեզոք խաղադաշտերում՝ այլ երկրներում։
Հայաստանում այս տարի կայացած միջազգային գրեթե բոլոր հանդիպումների ընթացքում և դրանցից հետո արձանագրվել են նման դեպքեր, ինչի համար տույժեր են կրել ՀՖՖ-ն և հայկական ակումբները:
Հաշվի առնելով, որ «Փյունիկը» այս տարի մասնակցելու է եվրոպական մրցաշարերից մեկի խմբային փուլին և դեռ անցկացնելու է առնվազն 4 տնային հանդիպում, ինչպես նաև սեպտեմբերի 24-ին Երևանում կայանալու է Հայաստան-Ուկրաինա ազգային հավաքականների հանդիպումը, ՀՖՖ-ն դիմում է բոլոր շահագրգիռ անձանց՝ առաջարկելով համատեղ ուժերով կանխել ֆուտբոլ խաղի հետ առնչություն չունեցող ցանկացած դրսևորում:
Ծնողներին կոչ են անում թույլ չտալ իրենց երեխաներին մուտք գործել խաղադաշտ, լրատվամիջոցներին` չտարածել անկարգությունները ներկայացնող տեսանյութեր և լուսանկարներ: