Հայրը սպանել է որդուն` խոհանոցային դանակով հարվածելով պարանոցին. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկված վարութային և քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է Գայ գյուղում 30-ամյա տղամարդու սպանության դեպքը: Այս մասին հայտնում է ՔԿ-ն:

Վերջինիս՝ դանակահարված վիճակում հիվանդանոց ընդունվելու և մահվան մասին հաղորդումը ստացվել է 2022թ. հուլիսի 24-ին՝ ժամը 18:30-ին: 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: 

ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժածի հայրը՝ ծնված 1957թ.: Վերջինս նույն օրը սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է վարույթ նախաձեռնող մարմնին: 

Վարույթի շրջանակներում, ձերբակալվածի մասնակցությամբ, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում նա մատնացույց է արել վայրը, որտեղ խոհանոցային դանակով հարվածել է որդու պարանոցին, հայտնաբերվել են արնանման հետքեր, կատարվել նմուշառումներ, առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, ինչպես նաև՝ դեպքի պահին տուժողի և վերջինիս հոր հագին եղած հագուստները: 

Նախաքննությունը շարունակվում է:

 

Քաղաքականություն