Գեղարքունիքի մարզպետը խմած, Mercedes-ով ավտովթարների պատճա՞ռ է դարձել

Այսօր` հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են 38-ամյա Կարեն Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 01 QA 110 համարանիշի և Վարդան Թովմասյանի վարած Volkswagen մակնիշի  36 TT 011 համարանիշի ավտոմեքենաները։  

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։  

 

Տեղում վթարը արձանագրվել է նույն վաշտի ավագ տեսուչ Կառլեն Բաղյանի կողմից։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության։ Պարզվել է՝ Mercedes-ի վարորդ Կ․ Սարգսյանը եղել է ոչ սթափ (խմած)։ 

 

Կայքի տեղեկություններով՝  ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ մինչ այս վթարը, Կ․ Սարգսյանը Դիլիջանում նույնպես ավտովթարի մասնակից  է եղել, ով այնուհետև խփած ավտոյով շարունակել է ճանապարհը ու արդեն Կոտայքի մարզում դարձել է մեկ այլ ավտովթարի պատճառ։ Նա Գեղարքունիքի մարզպետն է։ 

 

Auroranews-ը կապ հաստատեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան, որտեղից հայտնեցին, որ տարածված լուրը իրականությանը չի համապատասխանում։ 

Քաղաքականություն