
Շրի Լանկայում ձերբակալել են՝ վարչապետի տունը հրկիզելու մեջ կասկածվող տղամարդկանց․ ի՞նչ է կատարվել

Շրի Լանկայի ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդու, որոնց կասկածում են վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգհեի տունը հրկիզելու մեջ: Այս մասին գրում է Newswire-ը:
«Ոստիկանությունը հայտնում է, որ երեք կասկածյալներ ձերբակալվել են Կոլոմբոյում վարչապետի մասնավոր նստավայրը հրկիզելու գործով։ Երեք կասկածյալներ՝ Մաունթ-Լավինիա, Ջա Էլա եւ Հալլե քաղաքների բնակիչներ»։
Նախօրեին բազմահազարանոց բողոքի ցույցերն ընդգրկել էին Շրի Լանկայի մայրաքաղաքը։ Այդ օրը նախատեսված խաղաղ երթի փոխարեն ցուցարարները ճեղքել են ոստիկանության պատնեշներն ու գրավել նախագահի պալատը։ Արդեն երեկոյան ցուցարարների բազմությունը եկել է վարչապետի նստավայր, որից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել։ Մի շարք լանկացի քաղաքական գործիչներ դատապարտել են վարչապետի նստավայրի հրկիզումը՝ նշելով, որ ավելի վաղ նա այդ տունը նվիրել է թագավորական քոլեջին, որտեղ կրթություն է ստացել: Քաղաքական գործիչները, այդ թվում՝ ընդդիմադիր, նշել են, որ թեեւ իրենք համաձայն չեն վարչապետի դիրքորոշման հետ, բռնությունը երբեք իրավիճակից ելք չի եղել։