Իրենք հրահրեցին, մենք պատասխանեցինք. Լևոնյան
Երևանի ավագանու անդամ Լևոն Լևոնյանը հայտարարել է, որ ավագանու նիստի կռիվն ընդդիմությունն է հրահրել, իսկ իրենք պատասխանել են:
Պարոն Լևոնյանը նշել է, որ ուղիղ եթերով կարելի է նայել և տեսնել, թե ինչից է սկսվել կռիվը։ Լրագրողի դիտարկմանը, թե իշխանական ավագանու անդամները «Մայր Հայաստանի» անդամներին մեղադրում են կաշառք բաժանելու մեջ, երբ դեռ չկա դատարանի վճիռ, Լևոնյանը պատասխանել է, որ վճիռ չկա, բայց պետական ինստիտուտների՝ Հակակոռուպցիոն կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության կողմից հրապարակված բազմաթիվ ձայնագրություններ կան։ Ըստ նրա՝ այդ ձայնագրություններում մարդիկ ամենաթեժ նախընտրական քարոզարշավի փուլում խոսում են այլ գումարների, այլ անձանց մասին, շեշտում են 10, 20 հոգի քանակներ և թվեր, ինչը, նրա խոսքով, պարզ է հիմարին էլ։
Լևոնյանը կոչ է արել չփորձել տեղահանել իրականությունը, որը բոլորը գիտեն, և որի վառ ապացույցն այն է, որ եթե այդ ձայները արդար լինեին, ապա այսօր բազմաթիվ ընդդիմադիր ուժեր կարող էին հավաքել 10000-ոց, 20000-ոց և գուցե ավելի բազմամարդ ցույցեր։ Անդրադառնալով Սամվել Կարապետյանի վերաբերյալ հարցին և այն ձևակերպմանը, թե սպասում են սրտի որոշման, նա նշել է, որ եթե բազմաթիվ մարդիկ կաշառքի դիմաց գնացել և ընտրություն են կատարել, ապա էլ որևէ պարտավորվածություն չեն զգում այդ մարդկանց հանդեպ, դրա համար էլ չեն միանալու նրանց ոչ մի կոչի, նախաձեռնության, հավաքի կամ բողոքի ակցիայի, վեր չեն կենալու և չեն պայքարելու։
Անվտանգության աշխատակիցների՝ դահլիճ հրավիրվելու և կռվին վարչության պետերի ու պաշտոնյաների խառնվելու վերաբերյալ հարցին Լևոնյանը պատասխանել է, որ նման դրվագներ չի տեսել, այլ տեսել է, որ բազմաթիվ մարդիկ և աշխատակիցներ բաժանում էին։ Նա հավելել է, որ ուղիղ եթերը դնելով կարելի է ականատես լինել իրենց կողմից հրահրվող բազմաթիվ տեսարանների։ Ըստ նրա՝ եթե ընդդիմությունը հրահրում է, իշխանությունը պատասխանում է, և այդպես էլ տեղի է ունեցել։ Նա նշել է, որ երբ քաղաքապետի առաջին տեղակալը վարում է նիստը և կոչ է անում, որ բոլորը լռեն ու նստեն, որովհետև ելույթ ունեցողին արդեն հրավիրում է ամբիոն, բայց մարդիկ չեն ենթարկվում այդ հրահանգին, ապա խախտումները եղել են իրենց կողմից, քանի որ գոյություն ունի ավագանու նիստը վարողի ինստիտուտ, և բոլոր հրահանգները պետք է պատշաճ կերպով կատարվեն։