Արտակարգ դեպք Երևանում․ հրդեհ է բռնկվել սննդի կետի տարածքում
Այսօր՝ հուլիսի 10-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, ով հայտնել է, որ Նժդեհի հրապարակում՝ «Կոնվերս Բանկի» մոտակայքում, ծուխ է նկատվում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է թիվ 2 հրեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 13 հասցեում գտնվող սննդի կետի հետնամասում: Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: : Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողները, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները: Հրշեջներին հաջողվել է հրդեհը մեկուսացնել, ապա մարել: Ամբողջությամբ այրվել է սննդի օբյեկտի 1 պահարան և սառնարան: