«ԳԱԶ- 24» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. ղեկին հայտնաբերվել է 21-ամյա վարորդի դին

Հուլիսի 9-ին ժամը 08:30-ին, Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքից հաղորդում է ստացվել, որ Սոս-Ճարտար ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են Արցախի ներքին  գործերի նախարարության ոստիկանությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Մարտունու շրջանային բաժնի ոստիկանության և փրկարար ծառայողները, ինչպես նաև քննչական կոմիտեի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունի-Ճարտար-Կարմիր Շուկա ավտոճանապարհի 23-րդ կիլոմետրին, հայտնաբերվել է ճանապարհի երթևեկելի մասից դուրս եկած և ծառին բախված «ԳԱԶ- 24» մակնիշի ավտոմեքենան, իսկ ղեկին` Սոս գյուղի 21-ամյա բնակիչ Կ. Մ.-ի դին:

Փրկարարները տեխնիկական միջոցներով ավտոմեքենայից հանել են դիակը և տեղափոխել դատաբժշկական փորձաքննության բյուրո։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։

Քաղաքականություն