Արմավիրի մարզում առևանգել են անհատ ձեռներեցի Ford Mustang-ը
Հուլիսի 6-ին ավտոմեքենայի փախցնելու դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այդ օրը՝ ժամը 09:00–ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել Առատաշեն գյուղի բնակիչ, 30-ամյա Արման Ն.-ն և հայտնել, որ հուլիսի 6-ին, ժամը 00:00-ից մինչև նույն օրը՝ ժամը 07:00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են Առատաշեն գյուղի Սայաթ-Նովա փողոցում կողպված վիճակում կայանված, իրեն պատկանող Ford Mustang մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ահազանգով նշված վայր է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը, որտեղ էլ ավտոմեքենայի փախցնելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձնանց ինքնությունը պարզելու, նրանց և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կայքի տեղեկություններով՝ տուժող Արման Ն.-ն անհատ ձեռներեց է, իսկ ոստիկանությունն ու քննչական բաժինը իրենց ձեռքի տակ ունեն տեսախցիկի արձանագրածը, թե ինչպես է տեղի ունեցել ավտոմեքենան փախցնելու դեպքը, սակայն մինչև այժմ սայլը տեղից չի շարժվում, որ հայտնաբերվի ավտոմեքենան: