Գրպանահատություն՝ 33 համարի ավտոբուսում․ տեսախցիկները տեղադրված են, սակայն միացված չեն

Հուլիսին 4-ին 24News-ին էր դիմել մի քաղաքացի՝ նշելով, որ 33 համարի ավոտբուսի (4530 S պետհամարանիշով) միջից գրպանահատը գողացել է իր դրամապանակը։

Ըստ նրա՝ ավտոբուսում ամրացված է եղել տեսախցիկ, սակայն ոստիկաններին չի հաջողվել օգտագործել որևէ տեսագրություն, քանի որ տեսախցիկը միացված չի եղել։ 

Անդրադառնալով դեպքին՝ լրատվամիջոցի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանն ասել է,  որ 33 համարի ավտոբուսում տեղադրված է տեսախցիկ, սակայն դեռևս միացումներ չեն տրվել՝ տեսագրում ապահովելու համար, իսկ տեսախցիկների միացումներ տալը նախատեսված է 100 դրամանոց արկղերի տեղադրմանը զուգահեռ։ Ըստ նրա՝ սա ժամանակավոր լուծում է լինելու մինչեւ հիմնական միասնական վճարային համակարգի ներդրումը։ 

 

«Տեսախցիկների գործարկումը և այդ արկղերի տեղադրումը միաժամանակյա բնույթ են կրելու, որպեսզի նաև վերահսկենք հնարավոր նեգատիվ երևույթները, այդ թվում՝ գողությունը, նաև որ վարորդները վերցնում են գումարը, և այն կասսա չի մուտքագրվում։ Գազելների և այլ ավտոբուսների դեպքում էլ է այդպես արվել։ Կոնկրետ ժամկետներ այս պահին չեմ կարող ասել, որովհետև դա ոչ միայն մեզնից կախված չէ, այլև ընթացակարգեր կան և այլն։ Բայց մենք նախատեսում ենք, որ մեր կարմիր ավտոբուսներն էլ են անցում կատարելու այդ ժամանակավոր ալտերնատիվ համակարգին, մինչեւ արդեն գործարկվի մեր հիմնական միասնական վճարային համակարգը», - ասել է Տարոն Գևորգյանը։

 

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Նորագավիթի պոլիկլինիկայի դիմացի կանգառում։