Աշտարակի «Յունիբանկ»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մի մասը տեղափոխվել է Երևան
Աշտարակում պայթյունի պատճառը, նախնական տվյալներով, կարող է գազի արտահոսքը լինել, Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Աշտարակ» ԲԿ–ից էլ լրատվամիջոցին հայտնեցին, որ տուժածների մի մասը տեղափոխվել է Երևան։
«Այս պահին տուժածների վիճակի մասին հստակ տեղեկատվություն չենք կարող հայտնել։ Կան վիրավորներ, որոնց մի մասը տեղափոխվել են Երևան»,– ասացին ԲԿ–ից։
Թե վիրավորներից քանիսն են շարունակում բուժօգնություն ստանալ Աշտարակում ու քանիսն են Երևանի բուժհիմնարկներ տեղափոխվել, ևս այս պահին հայտնի չէ։
Տուժածների վիճակի մասին հստակ տվյալներ ԲԿ–ից խոստացան տրամադրել ավելի ուշ։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան, ժամը 09:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել էին, որ նախնական տվյալներով պայթյունի հետևանքով մեկ քաղաքացի զոհվել է, 5-ը` վիրավորվել: Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:25-ին: Նախասրահում այրվել են կենցաղային իրեր՝ 3 քմ: