
Քանի անձ է համարվում անհետ կորած 44-օրյա պատերազմից հետո․ Արցախից տվյալներ են հայտնել

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախում մինչ օրս անհետ կորած է համարվում 53 անձ, 33-ը՝ զինծառայող, 20-ը՝ քաղաքացիական։
Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի նախագահությամբ Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունում տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2022 թվականի առաջին կիսամյակը, որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել 1711 աճյուն և մասունքներ:
«Կարեն Սարգսյանը նշել է, որ այս պահին ռուսական և ադրբեջանական կողմերի հետ բանակցություններ են տարվում զոհված զինծառայողների աճյունների ու մասունքների որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Կարեն Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև անհետ կորած զինծառայողների հարազատների հետ։