«Ռազմատենչ հռետորաբանությունը ադրբեջանական ղեկավարության ամենօրյա խոսույթի անբաժանելի մասն է դարձրել»․ Միրզոյան
Հունաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հունաստանի արտգործանախարար Նիկոս Դենդիասի հետ հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։ Այս մասին հայտնում է ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
«Գործընկերոջս հանգամանալից ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ։
Անդրադարձել եմ տարածաշրջանային տնտեսական կապերի ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովների աշխատանքների, ինչպես նաև, ընդհանուր, խաղաղության համաձայնագրի գործընթացներին:
Ընդգծել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում: Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի դիրքորոշումը՝ ի աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և նրա մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ լավ բարեկամ Նիկոս Դենդիասին, որը 44-օրյա պատերազմի օրերին այցելեց Երևան, արտահայտեց Հունաստանի և հույն ժողովրդի զորակցությունը մեզ այդ օրհասական և կարևոր ժամանակահատվածում: Ռազմավարական գործընկերոջը հարիր այդ ժեստը մենք իսկապես երբեք չենք մոռանա:
Հարգելի՛ գործընկերներ,
Ցավալիորեն պետք է փաստել, որ հրադադարից ավելի քան մեկուկես տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողությունները, իսկ ռազմատենչ, առավելապաշտական հռետորաբանությունը, ցավոք, ադրբեջանական ղեկավարության ամենօրյա խոսույթի անբաժանելի մասն է դարձրել։
Խախտելով միջազգային հումանիտար իրավունքը և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, իսկ հարյուրավոր անհայտ կորածների, այդ թվում՝ տասնյակ բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չբացահայտված: Աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրները, կրկնում եմ, բոլոր քաղաքակիրթ երկրները, բոլոր հնարավոր առիթները օգտագործելով՝ պետք է նպաստեն, կոչ անեն ու պնդեն, որ Ադրբեջանը վերադարձնի մեր բոլոր գերիներին:
Հարգելի՛ ներկաներ,
Հայ ժողովուրդը հազարամյակներ ընդգրկող պատմության ընթացքում հրաշագեղ եկեղեցիներ, հուշարձաններ, կոթողներ է ստեղծել, որոնք համայն մարդկության մշակութային ժառանգության անբաժանելի մասն են: Այսօր, ցավոք, այս ժառանգության մի մասը վերահաս ոչնչացման վտանգի տակ է: Ադրբեջանական իշխանությունների պետական, պաշտոնական քաղաքականության պատճառով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ունենք սրբապղծված եկեղեցիներ, ջարդուփշուր եղած հուշարձաններ, հայկականության հետքից մաքրված կոթողներ: Ի տարբերություն շատ այլ նմանատիպ անընդունելի դեպքերի, մենք չենք կարող պնդել, որ աշխարհը լռում է․ իսկապես՝ աշխարհը խոսում է և շատ հստակ է արտահայտվում: Եվ դրա վառ օրինակն է 2021թ. դեկտեմբերի ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի հրատապ միջոցներ կիրառելու մասին որոշումը, որը պարտավորեցնում է Ադրբեջանին դադարեցնել այս քաղաքականությունը:
Մենք ակնկալում ենք միջազգային հանրության հստակ, հասցեական ու շարունակական արձագանքն այս վարքագծի վերաբերյալ, ընդգծում ենք Լեռնային Ղարաբաղում համապատասխան միջազգային կազմակերպությունների ներգրավվածության հրատապությունը, հատկապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության իրականացումը, որը կարևոր քայլ կլինի այս ժառանգության փրկության համար։
Եվ, իհարկե, ցանկանում եմ հերթական անգամ ընդգծել, որ խաղաղությունը մեր սկզբունքը, մեր քաղաքականությունն ու ռազմավարությունն է: Մենք իսկապես ձգտում ենք կառուցել խաղաղ, անվտանգ և կայուն Հարավային Կովկաս, և հուսով ենք, որ մեր հարևանը կդադարեցնի իր առավելապաշտական նկրտումները և ավելի կառուցողական դիրքորոշում կցուցաբերի բոլոր հարցերում», - ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
«Ճնշում է եղել, թե Ստեփանակերտը կվերցնենք»․ Արամ Սարգսյան․ Ա1+
«Ես գիտեմ, որ նոյեմբերի 6-ին պատրաստ էր փաստաթուղթ, որտեղ գրված է եղել «Մեղրիի միջանցք»։ Հայաստանի իշխանությունները չեն...
Համաշխարհային առաջնորդները՝ Պուտինի լուսանկարի մասին
Համաշխարհային առաջնորդները Գերմանիայում G7-ի գագաթնաժողովի հանդիպման մեկնարկից առաջ վերհիշել են 2009 թվականի հայտնի...
Չավուշօղլուն խոսել է «Զանգեզուրի միջանցքի բացման» մասին
Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հա...
ՔՊ-ական պատգամավորը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանի հրաժարականի դ...