ՌԴ-ն հանել է ցամաքային սահմանով հայերի մուտքի բոլոր սահմանափակումները
ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ռուսական կողմը առաջնահերթ ուշադրություն է դարձնում Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:
«Գործնական աշխատանքն ակտիվորեն ընթանում է եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ։ Սանկտ Պետերբուրգի (միջազգային) տնտեսական համաժողովի ընթացքում կայացել է նրա հերթական նիստը», – ընդգծել է ՌԴ վարչապետը։ Իր հերթին Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետում առաջացած խնդիրների լուծման համար՝ հիշեցնելով, որ դա «միակ ցամաքային ճանապարհն է, որը միավորում է Հայաստանն ու Ռուսաստանը»:
«Մենք բավականին մտահոգված էինք այդ կապակցությամբ, քանի որ ընթացիկ տնտեսական կոնյունկտուրայի հետ կապված այնտեղ որոշակի խնդիրներ են առաջանում տնտեսական հոսքերի ավելացման պատճառով։ Շատ կարևոր է այն, ինչի մասին մենք պայմանավորվել ենք, այդ թվում նաև մեր վրացի գործընկերների հետ, որպեսզի Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը արհեստական խոչընդոտների չհանդիպի», – ասել է ՀՀ վարչապետը։ Նա նաև աջակցել է «ամբողջ տարածաշրջանի ապաշրջափակմանը»։
«Ես հույս ունեմ, որ արդեն կատարված աշխատանքի արդյունքում մենք կոնկրետ լուծումների կգանք։ Տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը <…> այս իրավիճակում առանձնակի կարևորություն է ստանում», – եզրափակել է Փաշինյանը: Միշուստինն իր հերթին նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը հանել է ցամաքային սահմանով Հայաստանի քաղաքացիների մուտքի բոլոր սահմանափակումները, ինչը, նրա խոսքով, կնպաստի երկու երկրների զբոսաշրջության և տնտեսական կապերի զարգացմանը: