
«Մի շարք քաղաքացիներ օգտվում են օրենքի բացից». Գևորգ Պապոյան

ՔՊ-ն ԱԺ այսօրվա նիստում քննարկեց «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծի համահեղինակ Գևորգ Պապոյանը այն ներկայացնելիս նշեց, որ գործող օրենքով քաղաքացին իրավունք ունի տեղեկացված լինել, ինչպես նաև մասնակցել, իր հանդեպ նշանակված վարչական վարույթին, շատ դեպքերում նույնիսկ այդ գործընթացն առանց իր ներկայության չի կարող իրականացվել:
Գևորգ Պապոյանի խոսքով՝ մի շարք քաղաքացիներ օգտվում են այն հանգամանքից, որ օրենքը թույլ է տալիս շրջանցել վարույթը և այնպես են անում, որ ծանուցված չլինեն դրա մասին, ինչի արդյունքում վարչական վարույթը չի իրականացվում, որից հասարակությունը և պետությունը տուժում են.
«Խոսքն այստեղ միայն տուգանքի մասին կարող է չլինել, օրինակ կարող է այսպիսի իրավիճակ լինել, որ որևէ քաղաքացի դպրոցի բակում կամ շենքի բակում ապօրինի շինարարություն անել, պետությունը որոշի, որ պետք է ապամոնտաժվի,քաղաքացին էլ, հասկանալով, որ ապօրինություն է գործել և տեղեկացված լինելուց հետո ստիպված է լինելու ապամոնտաժել, զանազան միջոցներով փորձում է այնպես անել, որ դա տեղի չունենա, ինչի արդյունքում այդ մասին նամակը միտումնավոր չի ստանում, ուստի առաջարկվում է, որ երբ ֆիզիկական կամ իրավաբանական անձը միտումնավոր չի ստանում վարչական վարույթի նամակը, որպեսզի դրա ընթացքին չտեղեկացվի և այդ պահանջները չկատարի՝ այդ դեպքերում հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում մեկ անգամ ծանուցվելուց հետո այն տեղադրել կայքում և դրանից 5 օր հետո քաղաքացին կհամարվի ծանուցված»,- ասաց Պապոյանը: