Արմեն Գևորգյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել. որոշումը կհրապարակվի վաղը

 Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ 

 «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջնորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Արմեն Գևորգյանն օժտված է անձեռնմխելիությամբ, նա ԵԽԽՎ պատվիրակության անդամ է, և ԵԽԽՎ կանոնակարգի համաձայն, չի կարող քրեական հետապնդման ենթարկվել։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց միջնորդության դեմ՝նշելով, որ այն անհիմն է և ենթակա է մերժման։ Նա հիշեցրեց, որ նույն հիմնավորմամբ, նույն փաստաթղթերի վկայակոչմամբ նախկինում միջնորդություն ներկայացվել է՝ Արմեն Գևորգյանի անձեռնմխելիության ճանաչման վերաբերյալ, որի լուծումը դատարանը նախ հետաձգել էր՝ մինչև ՍԴ որոշման կայացումը, իսկ ՍԴ որոշման հրապարակումից հետո՝ մերժվել։ 

Մեղադրող դատախազն ընդգծեց, որ նշված քրեական հետապնդումը որևէ կապ չունի ԵԽԽՎ անդամի գործառույթների հետ, աղերս չունի միջնորդության իրավական հիմքերի հետ։ 

Լսելով կողմերի դիրքորոշումը՝ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը։ 
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 1998-2008թ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելու, նպաստելու, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման համար հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասերի ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008թ փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով 927 մլն ՀՀ դրամին համարժեք 3 մլն ԱՄՆ դոլարի չափով կաշառք։ 

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006թ փետրվարից մինչև 2008թ ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ԱԽ քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար 2008թ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ ստացել է 309 մլն ՀՀ դրամին համարժեք 1 մլն ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև՝ խեղաթյուրելով և թաքցնելով նման գումարի իրական բնույթն ու ծագումը, օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։

Քաղաքականություն