Հռիփսիմե Խուրշուդյանը 6 տարվա դադարից հետո 5-րդ տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը մոտենում է ավարտին:
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 87 կգ քաշային կանայք: Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը 6 տարվա դադարից հետո կրկին մասնակցեց Եվրոպայի առաջնությանը:Պոկում վարժությունում Խուրշուդյանը երեք մոտեցումներից միայն երկուսը հաջողեց` 102 կգ և 105 կգ: Այս ձևում նա 4-րդն էր: Հրում վարժությունում հայ ծանրորդը միայն մեկ հաջող մոտեցում ունեցավ: Նա գլխավերևում պահեց 122կգ: Երկամարտի 227 կգ արդյունքով Հռիփսիմե Խուրշուդյանը 5-րդն է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 102 կգ քաշայինների պայքարում երկամարտի 390 կգ արդյունքով (176 + 214) արծաթե մեդալը նվաճել է Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը։ Նա ընդամենը 2 կգ է զիջել չեմպիոնի կոչումը նվաճած բուլղարացի ծանրորդին։ 109 կգ քաշային կարգում էլ
Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Մարտիրոսյանը երկամարտում ցույց է տվել 371 կգ արդյունք (170 + 201) և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին։
Մրցումային վերջին օրը՝ հունիսի 5-ին, պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշային ծանրորդները՝ Գոռ Մինասյանն ու Վարազդատ Լալայանը (+109 կգ): Նրանց մրցելույթների մեկնարկը ժամը 18:00-ից է: