Թե ինչպիսին չպիտի լինի քաղաքական գործիչը և տղամարդը․ Լևոն Քոչարյանը՝ Էդմոն Մարուքյանի մասին

Հայաստանի դիվանագիտական ճակատին իմ միանալը մեկ ԵԽԽՎ-ում ինձ ճանաչող մեր թշնամի երկրի պատվիրակներին է անհանգստացրել, մեկ էլ Ռոբերտ Քոչարյանին ու իր սատելիտներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

 

«Առավոտյան նկատեցի, որ բազմաթիվ նամակներ եմ ստացել. օգտատերերը գրում են, ասում են Ռոբերտ Քոչարյանին պատկանող 5-րդ ալիքը մի ռեպորտաժ է պատրաստել, որտեղ իմ ելույթներից հատվածներ են, դրվագներ իմ ու Նիկոլ Փաշինյանի, իմ ու Ալեն Սիմոնյանի, իմ ու Սասուն Միքայելյանի խորհրդարանական վեճերից, իմ խոսքերի կոնտեքստից կտրված հատվածներ, իբրև թե մի ահավոր տեսանյութ, որը սեիդովյան հրճվանքով տարածում են։ Իրենց ռեպորտաժներով, նյութերով ու ֆեյքերով անգամ իմ տուն են մտել:

Նախ, հիշեցնեմ, որ մենք թաքցնելու ոչինչ չունենք, մեր գործունեությունը եղել է մշտապես բաց ու թափանցիկ, բոլորի աչքի առաջ, մարդիկ այդ ամենը տեսել են՝ առանց կոնտեքստից կտրելու և ուղիղ եթերում։

Ըստ այդմ՝ ցանկանում եմ 5-րդ ալիքին հարցնել կարո՞ղ եք այս թեմաներով էլ ռեպորտաժներ պատրաստել.

- ինչպե՞ս կազմակերպվեց հոկտեմբերի 27-ը, և խորհրդարանում գնդակահարվեցին ժողովրդի կողմից ընտրված՝ երկրի առաջնորդները,

- ինչպե՞ս և ու՞մ հրահանգով Քոչարյանի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ սպանվեց քաղաքացի Պողոս Պողոսյանը,

- ինչպե՞ս սպանվեց գլխավոր դատախազն իր աշխատասենյակում,

- ինչպե՞ս մինչև 2008-ը սպանվեցին իշխանությանը հակադրվող հայտնի քաղաքական գործիչներ,

- ինչպե՞ս մարտի 1-ին սպանվեցին խաղաղ ցուցարարները Երևանում։

Ավելի բարի թեմաներով ռեպորտաժներ էլ կարող եք պատրաստել: Օրինակ՝ Արևմուտքում ընդունված է հաջողակ անձանց կողմից իրենց հաջողության պատմություններով եթերում կիսվելը։ Առաջարկում եմ ձեր տիրոջ որդիները գան և ուղիղ եթերում պատմեն, թե ինչպե՞ս կարողացան տակավին երիտասարդ տարիքում դառնալ դոլարային միլիոնատերեր։ Մեր երեխաներն էլ կդիտեն և այդ հաջողության պատմությունը կսերտեն։

Թեմաները շատ են, փուլ առ փուլ կառաջարկեմ նոր ռեպորտաժների թեմաներ, եթե իհարկե այս թեմաներով կպատրաստեք։

Վերջում մի բարի ռեպորտաժ էլ առաջարկեմ. ինչպե՞ս կարող է հոգատար պապիկը անել այնպես, որ թոռները ծնվեն Միացյալ Նահանգներում՝ ԱՄՆ անձնագիր ստանալու համար, հետո ինքը մասնակցի Ցեղասպանության տարելիցի ջահերով երթին՝ «ընդդեմ թուրքի, հանուն հայի և Արցախի»:

Այնպես որ կսպասենք ձեր նյութերին այս հետաքրքիր ու բարի թեմաներով, իսկ ես անցնեմ իմ գործերին»,-գրել է Մարուքյանը։

 

Էդմոն Մարուքյանի այս գրառմանը արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը գրելով․ 

 

«Մարդուն բռնացնում են ստի և հաճախորդացման վրա, կոնկրետ փաստերով, տեսագրություններով, ու ինքը ի՞նչ պատասխանի: Ասումա բա հոկտեմբերի 27, մարտի 1, Պապլավոկ, Քոչարյանի տղաները, թոռները… Հասկանո՞ւմ եք, մարդն ի՞նչ կարգի ոչնչացած պիտի լինի, որ իր կլասիկ քաղաքական պոռնկության փաստը փորձի շեղել հայտնի ու վաղուց արդեն ծեծված, հերքված մեղադրանքներով:

Միակ հարցը, որը չի պարզաբանվել թերևս թոռների հարցն է, և կարծում եմ, որ այստեղ կա պարզաբանման կարիք:

Իմ ծնողների 6 թոռներից, միայն 2-ի ծնունդն է եղել դրսում, և միայն մեկինը ԱՄՆ-ում, հետևաբար 6-ից միայն մեկն է, ով ՀՀ քաղաքացիությունից բացի ունի նաև այլ քաղաքացիություն:

Իմ երեխաների դրսում ծնվելը բացառապես իմ և կնոջս որոշումն է, որն ունի մեր անձնական պատճառները և նպատակը բացարձակապես այլ քաղաքացիություն ունենալը չէ: 2014-ին, երբ տղաս ծնվեց, ես առաջինը դիմել եմ ՀՀ հյուպատոսություն անձնագիր ստանալու նպատակով և ստացել՝ դեռևս լինելով այնտեղ: Ինձ համար սկզբունքային էր, որ երեխաս Հայաստան մուտք գործի ՀՀ անձնագրով, որպես ՀՀ քաղաքացի, որ որևէ մեկի մտքով անգամ չանցնի, որ դրսում ծնվելու նպատակը հետագայում բանակից խուսափելը կարող էր լինել: Հայրենասիրությունը ծննդավայրով չի չափվում, այլ մարդու շատ-շատ այլ քայլերով:

Հույս ունենանք, որ հատուկ հանձնարարություններ կատարող այդ անձնավորությունը կդառնա մի ուրույն օրինակ, թե ինչպիսին չպիտի լինի քաղաքական գործիչը և տղամարդն ընդհանրապես»,-գրել է Քոչարյանը:
 

Քաղաքականություն