«Բառերը կարևոր են, և մենք բոլորս պետք է շատ զգույշ լինենք»․ Մակրոնը՝ «ցեղասպանություն» բառի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France Bleu-ին տված հարցազրույցում բացատրել է իր հրաժարումն Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության գործողությունները «ցեղասպանություն» անվանելուց։ 

Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ «բանավոր էսկալացիան» չի օգնի դադարեցնել պատերազմը։ 

«Բառերը կարևոր են, և մենք բոլորս պետք է շատ զգույշ լինենք, քանի որ իմ դերն ակնհայտորեն խաղաղություն կառուցելն է, այս պատերազմը դադարեցնելը, ամեն գնով խուսափել էսկալացիայից և պաշտպանել ֆրանսիացի տղամարդկանց և կանանց», - ասել է Մակրոնը: 

Ըստ նրա՝ ցեղասպանությունը պետք է որոշեն իրավաբանները, ոչ թե քաղաքական գործիչները։ 

«Ցեղասպանություն բառն այսօր պետք է սահմանեն իրավաբանները, ոչ թե քաղաքական գործիչները... Այն պետությունները, որոնք դա համարում են ցեղասպանություն, պետք է միջամտեն միջազգային պայմանագրերի համաձայն, ժողովուրդը դա՞ է ուզում, չեմ կարծում... Բոլորը պետք է կարողանան պահպանել սթափությունը։ Բանավոր էսկալացիան՝ առանց բոլոր հետևանքները հաշվի առնելու, Ուկրաինային չի օգնի»,–ընդգծել է քաղաքական գործիչը։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում Մակրոնը հրաժարվել էր Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները «ցեղասպանություն» անվանել՝ նշելով, որ ռուս և ուկրաինացի ժողովուրդները «եղբայրական են»։ 

Մինչդեռ դրանից առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, անդրադառնալով Ուկրաինայում ստեղծված իրավիճակին, հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ երկրում «ցեղասպանություն» է իրականացնում: