
Մարտունիում դաժան սպանությունը բացահայտվել է․ դանակի հարվածներով դին հայտնաբերվել է ամբողջովին մերկ

Այսօր՝ ապրիլի 5-ին, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները բացահայտել են Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանության դեպք։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեկ՝ ապրիլի 4-ին, ոստիկանության Մարտունու բաժին էին դիմել Մարտունի քաղաքի բնակիչ 55-ամյա Կամո Ա-ի հարազատները և հայտնել, որ վերջինս դուրս է եկել տանից և տուն չի վերադարձել, ունեն կասկածներ, որ նրա հետ, հնարավոր է՝ ինչ-որ բան պատահած լինի։
Ժամեր անց ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Կամո Ա-ն հանդիպել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Հակոբ Ա-ի հետ։
Կարճ ժամանակում ոստիկանները հայտնաբերում են Հակոբ Ա-ին, ով հրավիրվում է ոստիկանության Մարտունու բաժին։
Վերջինս փաստերի ճնշման տակ ոչ միայն խոստովանում է կատարվածը, այլ նաև ոստիկաններին ու քննիչներին մատնացույց է անում այն վայրը, որտեղ դանակի մոտ 8 հարվածով սպանել է իր զոհին։ Արդեն տեղում դատաբժիշկը զննելով դին, հայտնեց, որ մարմնի վրա առկա են մոտ 8 սուր կտրող-ծակող դանակի հետքեր։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագետները և քննչական խումբը, որը ստեղծվել է մարզային քննչական վարչության պետ Ա․ Բաղադասարյանի հրամանով։ Դեպքի վայրի հարևանությամբ հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․
«Կամոյին, ով Մարտունիում զբաղվում էր տարադրամի շրջիկ փոխանակմամբ, երեկվանից ման էինք գալիս։ Ոչ միայն մենք, այլև մարզի ու Մարտունու 50-ից ավելի ոստիկաններ։ Ճիշտն ասած՝ Կամոյին փնտրելու համար ոչ միայն Մարտունի քաղաքում, այլև հարակից գյուղերում ու անտառներում ենք ման եկել։ Դե, քանի որ ինքը շրջիկ էր գործ անում, մտածեցինք՝ ուրիշ մարզեր կամ Երևան գնացած կլինի։ Բայց ինչ-որ կասկած կար մեզ մոտ, որ հաստատ սպանել են, քանի որ նրա մոտ 1 միլիոնից ավելի գումար է եղել։ Անկեղծ ասած՝ չէինք էլ հավատում, որ տաք հետքերով՝ ոստիկանները այս դաժան սպանությունը կբացահայտեին։ Իմացանք, որ էդ տականքին բռնել են։ Ու փաստերն այնքան զորեղ են եղել, որ դրանց ճնշման տակ խոստովանել է։ Լսել ենք նաև, որ սպանությունը կատարել է Մարտունու հիվանդանոցին հարակից տարածքում՝ իր Օպելի մեջ ու տարել, դիակը նետել է հիվանդանոցից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ հանրային լողափի հարակից անտառում։ Մարդն ինչ աստիճանի ճիվաղ լինի, որ սպանելուց հետո զոհին ամբողջովին մերկացնի ու հագուստները թաքցնի։ Հալալ ա մլիցեքին՝ շորերն էլ գտել։ Դաժե գտել են, թե հափշտակած փողերն ինչ է արել։ Իր պարտքերն է տվել։ Էդ մարդկանց էլ մլիցեքը քննչների հետ հայտնաբերել են։ Հիմա, որ մենք դրա նկատմամբ Լինչի դատաստան տենանք՝ մեզ կմեղադրեն։ Բայց չենք գնում այդ քայլին, քանի որ տեսանք, թե մլիցեքը ոնց ժամերի ընթացքում բռնեցին դրան։ Ու վստահ ենք, որ օրենքի ողջ խստությամբ դատապարտվելու է։ Ընդհուպ կուզենք՝ ազատազրկվի ցմահ»։
Փաստի առթիվ Մարտունու քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ՝ Հակոբ Ա․-ն ձերբակալվել է։