«Ուկրաինան և Ռուսաստանը բանակցությունների 6 կետերից 4-ում մոտ են կոնսենսուսի». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելից վերադառնալիս, ուր մեկնել էր մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը բանակցությունների 6 կետերից 4-ի դեպքում մոտ են կոնսենսուսի հասնելուն: Էրդողանը նաև հիշեցրել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հանդիպումը, որը կազմակերպվել էր Անթալիայում թուրքական կողմի ջանքերով։
«Թուրքիայի զբոսաշրջային մայրաքաղաքում եռակողմ հանդիպումից հետո Չավուշօղլուն այցելել է Մոսկվա և Լվով: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ևս մեկ անգամ չէ, որ քննարկել է այդ թեման գործընկերների հետ»,-ասել է Էրդողանը։
«Կապերը շարունակվում են։ Այս ամենը, անկասկած, դարձել է միջնորդի դերում հանդես գալու Թուրքիայի կարողության լավագույն օրինակը»,- հավելել է նա: Վերադառնալով Մոսկվայի և Կիևի բանակցային գործընթացի թեմային՝ Էրդողանը նշել է այն հարցերը, որոնց շուրջ կոնսենսուս կա կամ չկա։
«Կարծում եմ՝ բանակցություններում չորս կետերի շուրջ կա կոնսենսուս։ Առաջին կետը վերաբերում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը։ Սկզբում Ուկրաինան պնդում էր անդամակցել դաշինքին, սակայն հետագայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սկսեց խոսել հրաժարվելու հնարավորության մասին։ Մեկ այլ կետ վերաբերում է Ուկրաինայում ռուսաց լեզվի ընդունմանը որպես պաշտոնական լեզու։ Սրա հետ համաձայնել է Զելենսկին։ Ռուսերեն արդեն խոսում են գրեթե ողջ Ուկրաինայում։ Այս առումով խնդիրներ չկան»,-հավելել է նա:
Ըստ Էրդողանի մեկ այլ կարեւոր թեմա վերաբերում է Ուկրաինայի ապառազմականացմանը։
«Իհարկե, Ուկրաինան պետություն է, ուստի ամբողջովին զինաթափման ընդունումը բացառվում է։ Բայց այս հարցում նույնպես անհասկանալի կողմեր չկան։ Այսինքն՝ ուկրաինական կողմը հայտարարել է, որ կարող է որոշակի զիջումների գնալ նաև այս հարցում։ Բանակցությունների չորրորդ կետը վերաբերում է հավաքական անվտանգությանը: Ուկրաինան այս առումով նույնպես դրական մոտեցում է ցուցաբերել»,- շարունակել է Էրդողանը։
Սակայն, ըստ նրա, Ղրիմի և Դոնբասի հարցում դեռեւս կոնսենսուս չկա։