«Ռուսաստանի դեմ տոտալ պատերազմ է հայտարարված». Լավրով

Ռուսաստանի դեմ տոտալ պատերազմ է հայտարարված, Արեւմուտքը չի թաքցնում, որ իր քաղաքականության նպատակը ռուսական տնտեսությունը խեղդելն ու ոչնչացնելն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ա.Մ.Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կոլեգիայի նիստին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

Նրա խոսքով, «այսօր մեզ իրական հիբրիդային պատերազմ են հայտարարել՝ «տոտալ պատերազմ». այս տերմինը, որն օգտագործում էր նացիստական ​​Գերմանիան, այժմ օգտագործում են եվրոպացի շատ քաղաքական գործիչներ, երբ խոսում են այն մասին, թե ինչ են ուզում անել Ռուսաստանի Դաշնության հետ։ Նպատակները չեն թաքցվում, դրանք հայտարարվում են հրապարակայնորեն՝ քանդել, ջարդել, ոչնչացնել, խեղդել ռուսական տնտեսությունը եւ ամբողջ Ռուսաստանը»։

 

Նախարարը նշել է, որ այդ «պատժամիջոցային անօրինականության» մեջ ակնհայտ է դառնում, որ բոլոր արժեքները, որոնք արեւմտյան գործընկերները քարոզում էին Ռուսաստանին՝ խոսքի ազատություն, շուկայական տնտեսություն, մասնավոր սեփականության անձեռնմխելիություն, անմեղության կանխավարկած, «ոչ մի արժեք չունեն»։

 

«Չնայած քարոզչությանը, որն աճպարարություն է անում ՄԱԿ-ի սադրիչ բանաձեւերի համար տրված ձայների թվերով, պատմական եւ հավաքական Արեւմուտքից դուրս գտնվող աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը չի ցանկանում միակողմանի խաղի մեջ մտնել: Նրանց վրա հսկայական ճնշում է գործադրվում»,- ասել է նա:

 

Նախարարի խոսքով՝  չնայած այդ ճնշմանը, պետք է կենտրոնանալ ոչ թե արեւմտյան երկրների կողմից ՄԱԿ-ին ներկայացված «սադրիչ քարոզչական տեքստերի», այլ առեւտրատնտեսական կապերի իրական վիճակի վրա։