Աշտարակի հիվանդանոցի բակում հրկիզել են Արագածոտնի մարզի դատաբժշկական փորձագետի ավտոմեքենան

Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում գույքի՝ դիտավորությամբ ոչնչացում հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։ 

 

Ինչպես հայտնում է  shamshyan.com -ը, մարտի 21-ին, ժամը 19։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 40-ամյա Արա Դալլաքյանը ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել է, որ նույն օրը անհայտ անձը կամ անձինք հրկիզել են «Աշտարակ» բժշկական կենտրոնի բակում կայանված իրեն պատկանող Kia մակնիշի ավտոմեքենան։ 

 

Պարզվել է, որ հրկիզել են Kia մակնիշի ավտոմեքենայի առջևի ձախ հատվածի ներքևի լուսարձակը, պլաստմասե շրջանակը և պաշտպանիչ վահանակը։  Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նույն օրը, ժամը 23։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցից հրկիզման եղանակով Ա. Դալլաքյանին պատկանող ավտոմեքենան դիտավորությամբ վնասելու կասկածանքով Աշտարակի ոստիկանություն են բերման ենթարկել Շիրակի մարզի բնակիչ՝ 35-ամյա Արամ Հ-ին, ով խոստովանել է, որ ինքն է կատարել այդ արարքը՝ իր մոտ եղած ացետոնի միջոցով։  

 

Տուժող Ա. Դալլաքյանն աշխատում է Արագածոտնի մարզի դատաբժշկական փորձագետ։