
Ցորեն, ձեթ, մսամթերք. ի՞նչ կկատարվի Հայաստանի շուկայի հետ, եթե ՌԴ-ից և Ուկրաինայից ներկրումներ չիրականացվեն

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել` Ռուսաստանից արգելվել է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան։ Արգելքը սահմանված է մինչև օգոստոսի 31-ը և տարածվում է ցորենի, տարեկանի, գարու, եգիպտացորենի և ևս մի քանի անուն ապրանքատեսակների վրա։
Գաղտնիք չէ, որ Հայաստանը տնտեսաառևտրային ամուր կապերով կապված է Ռուսստանի, ինչպես նաև Ուկրաինայի հետ:
Auroranews.am-ը ուսումնասիրել է 2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստան կատարված ներմուծումների տվյալները, որոնք հրապարակված են Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում:
Այսպես, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) դասակարգիչներն համադրելով ներմուծման երկիր-ապրանք տվյալների հետ` առանձնացրել ենք մի քանի պարենային ապրանքներ և ուսումնասիրել, թե որ երկիրն է հանդիսանում նշված ապրանքի` դեպի Հայաստան ամենամեծ մատակարարը, ինչ ծավալներով ենք նշված ապրանքատեսակները ներկրում Ռուսասստանից կամ Ուկրաինայից, ինչ այլընտրանքային ներկրման տարբերակներ ունենք, բացի վերոնշյալ երկրները:
Ցորեն
2021 թվականի առաջին կիսամյակում ցորեն ներկվրել է Ռուսաստանից և Վրաստանից: Ներկրման առյուծի բաժինը` 62.456 տոննա, Հայաստանը ներկրել է ՌԴ-ից: Վրաստանից նույն ժամանակահատվածում ներկրել ենք 2.550 տոննա:
Արևածաղկի, քրքումի կամ բամբակի ձեթ
Պարենային մյուս ամենակարևոր ապրանքատեսակի` ձեթի ներկրման հարցում ևս մեծապես կախում ունենք Ռուսաստանից: 2021 թվականի առաջին կիսամյակում ներկրել ենք 12. 041 տոննա ձեթ: Երկրորդ երկիրը, որից մեծ խմբաքանակ ենք ներկրում` Ուկրաինան է` մոտ 200 տոննա:
Հաջորդիվ` Իտալիան է, որտեղից ներկրվել է 19 տոննա, Կիպրոսից` 12, Բելառուսից` 2 տոննա:
Թռչնի միս, մսամթերք
Այստեղ առաջատարի դիրքում Ուկրաինան է` 6.320 տոննա, երկրորդ տեղում Ռուսաստանն է` 2.508 տոննա, Բրազիլիայից` 1.415, ԱՄՆ-ից` 876, Գերմանիայից` 765, Միացիալ թագավորությունից` 526, Բելառուսից` 133 տոննա:
Մարգարին
Ամենաշատը մարգարին կամ մարգարինի հումք ներկրում ենք Ռուսաստանից` 7.290 տոննա, Ուկրաինայից` 892 տոննա: Ավելի փոքր ծավալով ներկրում ենք Իտալիայից` 154, Բելգիայից` 70, Վրաստանից` 13 և Գերմանիայից` 4 տոննայի չափով:
Հաց, հրուշակեղեն
Ալյուրից պատրաստված հացի, հրուշակեղենի ներկրման պատկերն էլ հետևյալն է. 69 տոննա` Բելառուս, 29 տոննա` Բուլղարիա, Բելգիա` 3, Թուրքմենստան` 6, Գերմանիա` 5, Դանիա` 2 տոննա:
Գազ` բնական և հեղուկ
Բնական և հեղուկ գազի ներկրումը կազմակերպվում է հիմնականում Իրանից և Ռուսաստանից: 2021 թվականի առաջին կիսամյակում 176. 760 հազ.խմ, ՌԴ-ց` 1.150.901 հազ.խմ:
Այսպիսով, ՀՀ մաքսային վիճակագրությունից պարզ է դառնում, որ Հայաստանը պարենային, առաջնային մի շարք ապրանքների մեծածավալ ներմուծումն իրականացնում է ՌԴ-ից, որոշ դեպքերում էլ Ուկրաինայից:
Խուճապային գնումներն ու դրա հետևանքները
Երեկվանից տարբեր տեղեկություններ են ստացվում Հայաստանում և Վրաստանում իրականացվող «խուճապային» գնումների մասին: Аuroranews.am-ը ահազանգ է ստացել այն մասին, որ մարդիկ փորձել են պարկով այլուր գնել, սակայն վաճառակետերում հրաժարվել են վաճառել` նշելով, թե առկա չէ:
Այսօր` մարտի 11-ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հավաստիացրել է, որ ոչ միայն Հայաստանը, այլ նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրներն արդեն գնել են 2021-2022թթ. համար անհրաժեշտ ցորենի պաշարներ, չկան օբյեկտիվ հիմքեր մեր բնակչության շրջանում խուճապի տարածման համար:
Հավելենք, որ նման իրավիճակի ականատես եղանք 2020 թվականի մարտին, երբ երկրում կորոնավիրուսային առաջին ալիքը տարածվեց: Մարդիկ սկսել էին «խուճապային» գնումներ իրականացնել:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում էր քաղաքացիներին «խուճապային» գնումներ չիրականացնել, քանի որ դա կհանգեցնի մթերքի և այլ ապրանքների գնաճին: