Պատերազմի ավարտի երեք սցենար կա․ ամերիկացի փորձագետի կանխատեսումը
Ուկրաինայի տարածք ռուսական զորքերի ներխուժումից ի վեր իրադարձությունների հետագա զարգացման երեք սցենար կա։ Այս մասին, ըստ The New York Times-ի, հայտարարել է ամերիկացի լրագրող-փորձագետ Թոմաս Ֆրիդմանը։ Ըստ կանխատեսման՝ առաջին սցենարը ամենադաժանն է։ Մյուս երկուսն ավելի մեղմ են, բայց քիչ հավանական:
Առաջին սցենար
Փորձագետը կարծում է, որ եթե Արևմուտքը չկարողանա կանգնեցնել Պուտինին, նա կգնա այն աստիճանի, որ Ուկրաինան կջնջի աշխարհի երեսից։ Այս սցենարը կարող է հանգեցնել ռազմական հանցագործությունների այնպիսի մասշտաբների, որոնք Եվրոպան չի տեսել նացիստների ժամանակաշրջանից ի վեր:
«Ժամանակակից գլոբալացված աշխարհը երբեք ստիպված չի եղել գործ ունենալ նման մակարդակի պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող առաջնորդի հետ, որի ղեկավարած երկիրը կլինի նավթի և գազի աշխարհի խոշորագույն մատակարարներից մեկը և կունենա միջուկային մարտագլխիկների ամենամեծ զինանոցը»,- գրում է Ֆրիդմանը։
Երկրորդ սցենար
Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն, և երկու կողմերն էլ ստիպված կլինեն փոխզիջումների գնալ։ «Հրադադարի և ռուսական զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի արևելյան անկլավները, որոնք այժմ դե ֆակտո գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ, պաշտոնապես կփոխանցվեն Ռուսաստանին, և Ուկրաինան բացահայտ կխոստանա երբեք չմիանալ ՆԱՏՕ-ին։ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները կհամաձայնվեն հետ կանչել Ռուսաստանի դեմ վերջերս կիրառված բոլոր տնտեսական պատժամիջոցները»,- գրում է փորձագետը։
Փորձագետի կարծիքով, այս սցենարը քիչ հավանական է, քանի որ այն կպահանջի Պուտինին, ըստ էության, խոստովանել, որ չի կարողացել իրականացնել Ուկրաինայի վերաինտեգրման իր տեսլականը։
Երրորդ սցենար
Ամենաանհավանական սցենարն այն է, որ ռուսները վեր կենան ու տապալեն Պուտինին։ «Հազարավոր մարդիկ արդեն դուրս են գալիս փողոցներ՝ բողոքելու Պուտինի խելագար պատերազմի դեմ: Նրանք դա անում են՝ վտանգի ենթարկելով իրենց անվտանգությունը: Զանգվածային շարժումն ի վերջո կարող է վերջ դնել Պուտինի իշխանությանը»,- նշել է փորձագետը։