ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Ռուսաստանի հետ ուղիղ բանակցություններ սկսել սպառազինության թեմայով
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ՝ սպառազինությունների թեմայով։
Ստոլտենբերգը պնդում է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է և չի սպառնում Ռուսաստանին։ Այս մասին գրում է RT-ն:
Նրա խոսքով՝ դաշինքը խոսում է բանակցային սեղանի շուրջ նստելու պատրաստակամության մասին՝ քննարկելու Ռուսաստանի անվտանգության խնդիրները և քննարկելու սպառազինությունների վերահսկման թեման։
«Եթե նրանք մտահոգված են հրթիռներով և հարձակողական զինատեսակներով, ապա դա լուծելու լավագույն միջոցը բանակցությունների սեղանի շուրջ նստելն է՝ քննարկելու, թե ինչպես կարելի է կրճատել հրթիռների քանակը», - ասել է Ստոլտենբերգը։
Նա հավելել է, որ «Ռուսաստանի հետ հնարավոր է պայմանավորվածություններ ձեռք բերել, և ոչ միայն սպառազինությունների վերահսկման ոլորտում»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև ասել է, որ դաշինքը չի նախատեսում հարձակողական համակարգեր տեղակայել Ուկրաինայում։