Անդրեասյանը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանն իրեն ոչ մի գաղտնի հանձնարարական չի տվել

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը վստահեցնում է՝ Նիկոլ Փաշինյանն իրեն ոչ մի գաղտնի հանձնարարական չի տվել՝ կապված սահմանադրական փոփոխությունների հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Անդրեասյանը։  
Նրա խոսքով՝ եթե պարզվի, որ մեր Սահմանադրությունը կատարյալ է, ուրեմն Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կասի, որ ոչ մի բան փոխելու կարիք չկա, ինքն այդ առաջարկին կողմ չի քվեարկի։ 

«Ես ինքս ունեմ պատկերացում, թե ինչը կարելի էր տալ ՀՀ նախագահին որպես նոր լիազորություն, բայց դա կառավարության կամ սահմանադրական բարեփոխումների խորհրդի որոշումը չէ: Եկեք համբերենք, սպասենք, թե խորհրդի անդամներն ինչ կարծիք կարտահայտեն լինի նախագահին այսինչ լիազորություն ավելացնելու կամ պակասեցնելու հարցում»,-ասաց Անդրեասյանը։ 
Վերջինս վստահեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն ոչ մի գաղտնի հանձնանարական չի տվել կապված սահմանադրական փոփոխությունների հետ։ 

«Վարչապետը ոչ մի թաքուն հանձնարարական իր մտքի, պատկերացումների մասին գաղտնի բան ինձ չի ասել: Չկա օրակարգ, որը վարչապետը գաղտնի ինձ տվել է, որ այստեղ լոբբինգ անեմ»,-ասաց նա: 

Վերջինիս խոսքով՝ Սահմանադրությունը թույլ է տալիս ուժեղ վարչապետին անվերջ ձգել իր վարչապետությունը, այսինքն, եթե պետք լինի կարող է 5 անգամ էլ, 10 անգամ էլ վարչապետ ընտրվել, սահմանափակում չկա: 

«Եթե ցանկություն լիներ ուժեղ վարչապետական համակարգով անվերջ պաշտոն ունենալ, ապա այս Սահմանադրությունը դրա բոլոր հնարավորությունները տալիս է»,-ընդգծեց Անդրեասյանը։

Քաղաքականություն