Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Երեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Այնթափ գյուղի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Արամ Մ-ի վարած Jeep Grand Cherokee մակնիշի և 32-ամյա Հրայր Ս-ի վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հրայր Ս-ն և նրա ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 33-ամյա Սոս Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։  Օպերատիվ են գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Վերջիններս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։  

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «99»-ի գազաբալոնը ավտոմեքենայից պոկվել ու շպրտվել է։

Քաղաքականություն

Պատահարներ