Եթե ոչխարներն այդպես էլ չվերադարձվեն, ապա հովվին փոխհատուցում կտրվի․ ինչ սպասել
Ադրբեջանական կողմը մինչ օրս չի վերադարձրել Տեղ համայնքի հովիվ Սուրիկ Մաթևոսյանի ոչխարներին։ «Փաստինֆո»-ին այս մասին ասաց Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը։
«Բանակցությունները շարունակվում են, բայց դեռ ոչ մի լուրջ բան չկա։ Սպասողական վիճակ է»,-ասաց համայնքապետը՝ հավելելով, որ եթե ոչխարներն այդպես էլ չվերադարձվեն, ապա հովվին փոխհատուցում կտրվի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիները հունվարի 13-ին առևանգել էին Տեղ համայնքի հովիվին և տարել նրա ամբողջ հոտը։ Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ՀՀ քաղաքացուն վերադարձրել են, սակայն հոտը՝ ոչ։
Անդրադառնալով համայնքների հողատարածքները ադրբեջանցիներին թողնելու ՀՀ իշխանությունների գործողության հետեւանքով սեփականությունից զրկված գյուղացիներին փոխհատուցում տրամադրելու հարցին՝ Դավիթ Ղուլունցը նշեց, որ գյուղերի վարչական ղեկավարները հավաքում են բնակիչների տվյալները։
Հարցին՝ հայտնի՞ է, թե քանի բնակիչ է փոխհատուցում ստանալու, Դավիթ Ղուլունցը նշեց՝ այս պահին ստույգ թիվ չի կարող ասել։
«Առաջին խմբի թղթերն արդեն ուղարկել ենք մարզպետարան, երկրորդ խմբի գյուղացիների տվյալներն էլ արդեն հավաքում են։ Դրանք նույնպես կուղարկենք մարզպետարան»,-նշեց համայնքապետը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ բնակիչները դեռ փոխհատուցում չեն ստացել։
Նրա խոսքով հողատարածքների կորստի համար նախատեսված է 1 հա-ի համար 200 հազար դրամ փոխհատուցում տալ բնակիչներին։
Հարցին, թե ընդհանուր առմամբ քանի հեկտար հողատարածքի համար պետք է փոխհատուցում տրվի, Դավիթ Ղուլունցը կրկին կոնկրետ թիվ չնշեց։






























