
Երբ ունենք անվտանգության լրջագույն սպառնալիքներ, ես չեմ կարող նստել ու քննարկել նրանց հետ ծառատունկի մասին օրինագծերը. Վանեցյան

Երբ երկիրն ունի անվտանգության լրջագույն խնդիր, մենք չենք կարող իշխանության հետ ծառատունկի մասին օրենք քննարկել: Այս մասին «Ազատության» եթերում հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Հարցին, թե գուցե խորհրդարանական ընդդիմությունը կարող է շտկել իրավիճակը, եթե ընդարձակի մեկ հարց ունեցող օրակարգը՝ ներառելով իր ընտրազանգվածի սոցիալական, տնտեսական վիճակի, առողջապահական ու այլ խնդիրների բարձրաձայնումը, ինչը ենթադրում է սոսկ ելույթներից անցում կատարել բովանդակային քննարկումներ, օրինաստեղծ աշխատանք, որը երբեմն պահանջում է փոխզիջում, Վանեցյանը պատասխանել է.
«8-րդ գումարման խորհրդարանը խայտառակ կապիտուլյացիայից հետո ձևավորված առաջին խորհրդարանն է, ընդհանուր ընդդիմադիր ուժերին 450 հազար մարդ ուղարկել է խորհրդարան մեկ օրակարգով՝ քշել այս իշխանություններին, որովհետև այս իշխանությունների յուրաքաչյուր ավել օր երկրի ղեկին մնալը բերում է մեր երկրի թուլացմանը, տարածքների կորստի, մահերի։ Ինչքան էլ կարևորենք ծառատունկի մասին օրենսդրական նախաձեռնությունները, չենք կարող մտնել բովանդակային քննարկման մեջ, թե ծառերը որ հատվածում պետք է տնկել կամ չտնկել։ Մենք ունենք անվտանգության լրջագույն սպառնալիքներ։ Ես հունվարի 28-ին եղել եմ առաջնագծում, սահմանամերձ դարձած գյուղերում և տեսել եմ, թե ինչ խնդիրներ կան մեր գյուղերում, ինչ է անում թշնամին։ Այս ամենը թողնենք, ինչի՞ մասին խոսենք։ Մենք չունենք անվտանգության երաշխիքներ, ինչի հետևանքով ունենք մեծ ծավալների հասնող, աննախադեպ արտագաղթ։ Մենք չենք կարող այս իշխանությունների հետ, որոնք երկիրը բերեցին հասցրեցին ծայրահեղ վատ վիճակի, մտնենք բովանդակային քննարկումների մեջ ինչ-որ կեղծ օրակարգերի շուրջ»,-պատասխանեց Վանեցյանը։
Նրա խոսքով, եթե հարցը վերաբերի պետության շահերին, անվտանգությանը, ապա ընդդիմությունը հանդես է գալու իշխանության հետ մեկ ճակատով։
«Բայց ես չեմ կարող նստել ու քննարկել նրանց հետ ծառատունկի մասին օրինագծերը»,-ասաց Վանեցյանը։