Հայտնի է` ով է սպանել 35–ամյա տղամարդուն. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել այսօր գիշերը Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած սպանությունից։ Հայտնել էինք, որ դանակի մոտ 8 հարվածով սպանվել է Կոտայքի մարզի բնակիչ Ումրիա Շ-ն։ Սպանության մեջ կասկածվում է Երևանի բնակիչ, որը սպանվածի հետ միասին աշխատել է Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկին մոտ գտնվող ծաղկի սրահում։

 

«Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. հունվարի 30-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան և Մաշտոց փողոցների խաչմերուկի հատվածում գործող ծաղկի վաճառակետի դիմաց Երևան քաղաքի 29-ամյա բնակիչը վիճաբանել է նույն վաճառակետի 35-ամյա աշխատակցի հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ կյանքից զրկելով վերջինիս»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակի բռնակը՝ արնանման հետքերով: Վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 29-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ սպանություն կատարելու կասկածանքով։ Նա հարցաքննվել է՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:

 

Նախաքննությունը շարունակվում է։

Քաղաքականություն

Պատահարներ