
Մարտից ՀՀ-ում կարգելվի հանրային սննդի վայրերում ծխախոտի օգտագործումը

Մարտի 15-ից Հայաստանում ուժի մեջ կմտնի հանրային սննդի վայրերում ծխախոտի օգտագործման արգելքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ հունվարի մեկից հակածխախոտային օրենքի մի շարք դրույթներ ուժի մեջ մտան, մասնավորապես՝ ծխախոտային ապրանքների գովազդն ու ցուցադրումը արգելվեց: Իսկ մարտի 15-ից ուժի մեջ կմտնի հանրային սննդի վայրերում ծխախոտի օգտագործման արգելքը:
«Ցավոք սրտի, Հայաստանում դեռ պահպանվում են ծխախոտային արտադրատեսակների օգտագործման շատ բարձր ցուցանիշներ, եւ մենք պետք է անենք հնարավորինը՝ մեր քաղաքացիներին զերծ պահելու նման վնասակար սովորություններից, եւ, ամենակարեւորը, մեր հաջորդ սերնդի, մեր երեխաների, դեռահասների շրջանում առողջ ապրելակերպի տարածմանը պիտի հետեւենք: Եթե մենք զբաղվենք միայն հիվանդապահությամբ կամ հիվանդությունների բուժմամբ, ցավոք սրտի, հանրային առողջապահական արդյունքներ չենք կարող գրանցել»,- ասաց նա: