Մամիկոն Ասլանյանը կմնա կալանավորված․ դատարանը մերժեց բողոքը

 Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ Ռուբիկ Մխիթարյանի, այսօր՝ հունվարի 19-ին, մերժեց Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանի փաստաբանների բողոքը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ։ 

 

NEWS.am-ի հետ զրույցում փաստաբան Ռուբեն Հակոբյանն ասաց, որ տեղի ունեցածը իրավական գործընթաց չէր, այլ ապօրինություն։ Մամիկոն Ասլանյանի փաստաբանները Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կբողոքարկեն վերադաս ատյանում։ 

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Բայց դրանից մեկ օր առաջ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։ Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբաններն էլ պնդում են՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Քաղաքականություն