Ավտովթար՝ Երևանում․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:50-ի սահմաններում Վազգեն Սարգսյան - Խորենացի - Բեյրութի փողոցների հատման վայրում  բախվել են Սյունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Դավիթ Հովհաննիսյանի վարած Mercedes S500 մակնիշի  21 OO 221 համարանիշի և Երևանի բնակիչ, 34-ամյա Հակոբ Բաղդասարյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով 2 վարորդներն ու Opel-ի ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ, 52-ամյա Սրբուհի Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ  Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:

 

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:  

Opel-ի վարորդին ու ուղևորին փրկարարները, պարեկները, բժիշկները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, քանի որ ուժեղ հարվածի հետևանքով նրանք ավտոմեքենայից շպրտվել էին:

 

Վթարի վայրը  պարեկներ Նորիկ Մանուկյանն ու Գոռ Հայրապետյանը սահմանազատել էին ու մինչ սպասում էին, որպեսզի դեպքի վայր ժամանեն պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանն ու ավագ հետաքնիիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ Opel-ի վարորդը գիտակության չգալով՝ մահացել է, իսկ Mercedes-ի   վարորդը հեռացել է հիվանդանոցից:

 

Փաստի առթիվ Ա. Ադամյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 2-րդ մասի  և 243.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են  պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ն ու Opel-ը դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Երևանի  2800-ամյակին նվիրված այգու տարածքում: