Ավտովթար՝ Արարատի մարզում․ նիվայում հայտնաբերվել է զենք-զինամթերք

Այսօր՝ հունվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում ՎԱԶ 2121 մակնիշի 58 PP 999 համարանիշի ավտոմեքենան Ուրցաձոր գյուղի Տիգրան Մեծի փողոցում՝ Ուրցաձորի գյուղապետարանի և դպրոցի մոտ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Toyota Corolla մակնիշի 0400 II 04 համարանիշի ավտոմեքենային։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկով։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։ 

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Արարատի բաժնի պետ Արթուր Հակոբյանը։ 

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժնի քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ Վահե Միրզոյանի, Վեդու քննչական բաժնի պետ Արթուր Ավետյանի և Վեդու քննչական բաժնի պետի տեղակալ Լևոն Անտանոսյանի գլխավորությամբ։ 

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota Corolla-ն հաշվառված է ոստիկանության Արարատի մարզային վարչության հաշվեկշռում, և այն սպասարկում է ոստիկանության Արարատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հայկ Ստեփանյանին, իսկ Նիվան վարել է Ուրցաձոր գյուղի գուղապետ Ռաֆիկ Անդրեասյանի որդին՝ Դավիթ Անդրեասյանը, ով տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժին։ 

Նիվայում հայտնաբերվել է զենք-զինամթերք։ Տեղի ունեցածը ավտովթար է, թե այլ հանցագործություն, կպարզվի նախաքննության ընթացքում, որը վարում է Արարատի մարզային քննչական վարչությունը։ 

Երկու ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Քաղաքականություն

Պատահարներ