Վեդիում ծեծելով սպանել էին 59-ամյա տղամարդու․ 3 մարդու մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Վեդի քաղաքի 59-ամյա բնակչի սպանության հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. հունվարի 5-ին Վեդի քաղաքի 61-ամյա բնակիչը, իր կողմից որպես բնակարան օգտագործվող՝ Վեդու համայնքապետարանի վարչական շենքում գտնվող՝ ծերերի համար նախատեսված խաղասենյակում, իր հետ համատեղ բնակվող 59-ամյա տղամարդու, 55-ամյա և երկու 17-ամյա անչափահաս համաքաղաքացիների, ինչպես նաև Գոռավան գյուղի 57-ամյա բնակչի հետ խնջույք է կազմակերպել, որի ընթացքում երիտասարդները բջջային հեռախոսով երաժշտություն են միացրել և պարել: Որոշ ժամանակ անց՝ ժամը 22։00-ի սահմաններում, 59-ամյա տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել ներկաների հասցեին՝ պահանջելով այլևս չաղմկել և չխանգարել իրեն։
Հայհոյանքներ հնչեցնելու համար վերջինիս պատժելու և ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, խնջույքի մասնակիցները ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել բազմոցին պառկած տղամարդու մարմնի տարբեր մասերին, որից հետո Գոռավան գյուղի բնակիչը նաև կիթառով է հարվածներ հասցրել նրա գլխին, ինչպես նաև 61-ամյա և անչափահաս բնակիչներից մեկի հետ բազմաթիվ հարվածներ հասցրել տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի ծանր մարմնական վնասվածքներ:
Դեպքից երկու օր անց՝ հունվարի 7-ին, Վեդիի 61 և 55-ամյա բնակիչները տուժողի դին նույն սենյակում տեղավորել են փայտե արկղում, իսկ հաջորդ օրը՝ հունվարի 8-ին՝ ժամը 00:00-ից մինչև ժամը 01:00-ն ընկած ժամանակահատվածում, 17-ամյա երիտասարդները վերոնշյալ արկղը «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Քաղցրաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին կից գտնվող աղբավայր, թողել այնտեղ և հեռացել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վեդի քաղաքի 61-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 17-ամյա երիտասարդներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 17-ամյա մյուս երիտասարդին և 55-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գոռավան գյուղի բնակչի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վերջինիս մահվան հիմքով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
22-ամյա վարորդը BMW-ով բախվել է կանգառին, ծառին և էլեկտրասյանը. կա վիրավոր
Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:45-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Մարկ Մ....
33-ամյա տղամարդը ամուսնանալու կեղծ խոստումներ տալով` հափշտակել է ընդհանուր 3,3 մլն դրամ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համացանցի օգտատերերից խարդախությ...
Արտակարգ դեպք Երևանում. կայանված BMW X5-ում հրդեհ է բռնկվել
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նա...
Աղդամում ականի վրա տրակտոր է պայթել
Աղդամում ականի վրա տրակտոր է պայթել։ Այս մասին հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել ադրբեջա...