Նոր մանրամասներ՝ Երևանում ինքնաձիգից արձակած կրակոցների դեպքից. Maybach-ի վրա հայտնաբերվել է 12 հետք. Shamshyan. com

Shamshyan .com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 35 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, նշված քրգործը հարուցվել է դեկտեմբերի 11-ին Երևանում ինքնաձիգի օգտագործմամբ տեղի ունեցած խուլիգանական գործողությունների փաստով։ 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արաբկիրի բաժնի և Արաբկիրի քննչական բաժնի քննիչների կողմից ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 16։15-ի սահմաններում Արաբկիրի 29 փողոցի 2-րդ շենքի հարակից հատվածի մոտ Երևանի բնակիչ՝ 22-ամյա Գագիկ Սմբատյանը, նրա եղբայրը՝ Երևանի բնակիչ, 26-ամյա Արամ Սմբատյանը վիճաբանություն են ունեցել Երևանի բնակիչներ՝ 38-ամյա Գևորգ Սուքիասյանի, 42-ամյա Լևոնիկ Սարգսյանի հետ, որը այնուհետև ավարտվել է, սակայն հետո Գ. Սուքիասյանը իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգով կրակել է Գ. Սմբատյանի հոր՝ Արայիկ Սմբատյանի կողմից շահագործվող Maybach մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Դրանից հետո Վ. Դավթյան փողոցի 47/2 հասցեում գտնվող խանութի մոտ Գ. Սուքիասյանը կրկին անգամ ինքնաձիգից կրակոցներ է արձակել օդ, ապա BMW մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի։  

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նույն օրը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Գ. և Ա. Սմբատյանները հայտնաբերվել ու հրավիրվել են ոստիկանության Արաբկիրի բաժին։  Ոստիկանությունն ու քննչակա նբաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Գ. Սուքիասյանին, Լ. Սարգսյանին և հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանության պատճառը եղել է ավտոմեքենայի լվացման հարցի շուրջ, կրակոցների վայրում էլ հայտնաբերված տեսախցիկն արձանագրել է այն պահը, իսկ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև BMW-ի մակնիշի այն ավտոմեքենայի համարանիշները, որով Գ. Սուքիասյանը կրակելուց հետո դիմել է փախուստի։  Ավտոմեքենայի վրա է հայտնաբերվել է կրակոցներից առաջացած 12 հետք։  

 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 11-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Արաբկիր 39 փողոցում, բարձրահարկ շենքերից մեկի մոտ կրակոցներ են հնչել։ 

Քաղաքականություն