«ՀՀ քաղաքացին կարող է առևանգվել, Նիկոլը կասի՝ գերի է». Աննա Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանի` խորհրդարանում երեկ արված որևէ հայտարարություն չունի քաղաքական, իրավական կամ դիվանագիտական հենք:

 

 Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը.

«Ինքն էր ասում, որ բանավոր պայմանավորածություններ կան, ասում էր, թե դա հաջողություն է, քանի որ մշտապես Հայաստանը Մինսկի խմբի համանախագահների միջոցով է շփում ապահովել ադրբեջանական կողմի հետ, իսկ ինքն ունի օպերատիվ կապ նրանց հետո, նշումներ է անում իր նոթատետրում Ալիևի հետ խոսակցությունից, իսկ երեկ բոլոր հնարավոր ձևերով հերքեց այդ ամենը»,-ասաց Մկրտչյանը:

Անդրադառնալով «3+3» ձևաչափով առաջիկայում կայանալիք նախնական նիստին, Մկրտչյանն ասաց, որ գործող իշխանության օրոք բանակցային գործընթացում Հայաստանի շահը երբևէ պաշտպանված չի լինելու.

 

«Ցանկացած ֆորմատում, դա կլինի 3+3 կամ նույնիսկ Մինսկի խումբ, Հայաստանի ներկայացուցիչ չունի այդ բանակցություններում: Ես համարում եմ, որ այնտեղ կան Հայաստանի բարեկամներ, դաշնակիցներ դրսից և կան Հայաստանի թշնամիներ: Որևէ կերպ հնարավոր չէ հավանական համարել, որ Հայաստանի շահն այլևս բանակցություններով, բանակի հզորացմամբ կարելի է կարգավորել, Նիկոլ Փաշինյանի օրոք, ես բացառում եմ»,-ասաց նա:

Պատգամավորի արձանագրմամբ՝ մինչ այս եղած հանդիպումների ժամանակ իշխանությունները չեն խոսել Արցախի ինքնիշխանության, Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի ապահովման մասին.

 

«Սա նշանակում է, Արցախի էջը փակել են, հիմա այլ խնդիր ունի Նիկոլը՝ հայ հանրությանը ապացուցել, որ Հայաստանը պարտադիր չի անվտանգային համակարգ  ունենա, նորմալ է, որ ՀՀ քաղաքացին կարող է առևանգվել, Նիկոլը կասի՝ գերի է, հետո իր փոքր խմբակի միջոցով կսկսի համոզել հանրությանը՝ որ մենք գերու հետևից չենք գնալու»,-ասաց նա:

 

Ըստ նրա՝ իշխանությունը ֆեյքային իրականություն է ստեղծում՝ պետության անվտանգության պատասխանատվությունը վերագրելով ընդդիմությանը։

«Այդ ֆեյքային իրականությունը միտված է պետության անվտանգության պատասխանատվությունը ընդդիմության վրա դնելուն։ Ինչ հարցից խոսում են՝ անվտանգային, մեր քաղաքացիներին առևանգելու և խոշտանգելու մասին, ասում են՝ ընդդիմությունն ինչ է անում։ Երկրագնդի վրա չեք գտնի մի պետություն, որն ունի անվտանգային խնդիրներ, և այդ անվտանգային խնդիրների լուծումը տեսնում է ընդդիմության կամ արտախորհրդարանական ուժերի մեջ»,-ասաց նա։