Ծեծկռտուքը սարքեցին, որ մոռացության մատնեն ԱԺ նախագահի «փայլուն մտքերը». բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց
Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիա է սկսվել: ԱԺ մուտքի մոտ մեծ թվով ոստիկաններ են հավաքված:
Խորհրդարանի մուտքի մոտ են հավաքվել մի խումբ քաղաքացիներ, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամներ՝ դատապարտելով խորհրդարանում այսօր տեղի ունեցած սկանդալային միջադեպը․ ծեծկռտուքը, որը հրահրել են իշխանական պատգամավորները՝ պատճառաբանությամբ, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները միջանցքում իրենց «թարս» են նայել։
Տեղում են նաև մեծաթիվ ոստիկանական ուժեր։ Ոստիկաններն ակցիայի մասնակիցներից ոմանց բերման ենթարկեցին։
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ իրենք ոստիկանների հետ բախման համար չեն եկել այստեղ, եկել են՝ ստանալու իրենց այն հարցի պատասխանը, թե ինչու՞ են ԱԺ իշխանական պատգամավորները իրենց պահում իսկական խուլիգանների պես և 15 հոգով հարձակվում ընդդիմադիր խմբակցության 3 օգնականի վրա։
«Էդ «դուխով» տղերքին, որ 15 հոգով 3 հոգու ծեծել են կաբինետներում, մարդ են ծեծում, այստեղ սպասում ենք։ Եթե այդքան «դուխով» են, թող գան։ Եթե անգամ օգնականները «թարս» աչքով են նայել, իրենք պատգամավորներ են, պետք է կարողանան իրենց տիրապետել։ Եթե չեն կարողանում իրենց տիրապետել, թող գնան ուրիշ տեղ, խորհրդարանը չսարքեն խուլիգանական ինչ-որ մի վայր», - շեշտեց Կարապետյանը։
Նա հավելեց՝ երևույթն ինքնին դատապարտելի է, երբ պատգամավորն իրեն պահում է վերջին խուլիգանի պես և օգնականներին կանչում է իր աշխատասենյակ ու ծեծկռտուք սարքում։
«Այստեղ անհամաչափության խնդիր էլ կա։ Եթե օգնականը կաբինետում խփի պատգամավորին, սարքելու են հարձակում պատգամավորի վրա, տանեն դատեն։ Այսինքն, իրենք այդ օրենքն իրենց համար ընդունեցին, որ ինչ ուզենան, այստեղ անե՞ն։ Եթե այդպես է, թող այս ոստիկանությունը հենց նրանց մեղադրի՝ այս երկիրը քաոսի վերածելու, ապակայունացնելու համար», - նշեց Սարգիս Կապետյանը։
Նա նաև համոզմունք հայտնեց, որ իշխանական պատգամավորները խորհրդարանում ծեծռկտուքը հրահրել են՝ գերիների վերաբերյալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարությունը մոռացության տալու նպատակով։
«ԱԺ նախագահի «փայլուն մտքերը», որ պետք չէ, որ գերիները վերադառնան․ պետք է ինչ-որ բանով ժողովրդին զբաղեցնե՞ն, որ մոռացության մատնեն։ Այս շոուն բերում է նրան, որ ժողովուրդը մոռանա Ալենի սածը։ Իրենք դրա համար են կազմակերպել, բայց մեզ համար մեր ընկերների վրա ձեռք բարձրացնելը, խուլիգանություն անելը ինքնասիրության հարց է։ Ու եթե նրանք հարցը տեղափոխում են ինքնասիրության դաշտ, խնդիր չկա, եկեք տեսնենք՝ ով կպարտվի այդտեղ», - նշեց Կարապետյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի օգնականը լրագրողներին պատմել է, որ ինքը միջանցքով անցնելիս ձայներ է լսել և մոտենալով տեսել է, որ իշխող խմբակցության պատգամավորները փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում մի քանի հոգով ծեծի են ենթարկել ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականներին։ Մասնավորապես՝ ծեծողների թվում նա ճանաչել է Վահագն Ալեքսանյանին, Հրաչյա Հակոբյանին, տեսել է նաև Սիսակ Գաբրիելյանին։ Նա պնդում է, որ անվտանգության աշխատակիցները ներկա են եղել, սակայն որևէ կերպ չեն միջամտել։






























