«Վատ աշակերտի պես ոչ նախագիծ են ներկայացրել, ոչ զեկուցող և ուզում են նիստ հրավիրել». թեժ բանավեճ խորհրդարանում

ԱԺ ընդդիմության պահանջով արտահերթ հրատապ նիստ չի գումարվի։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն խորհրդարանում նախ ճեպազրույցում նշեց, որ այդ հարցը քննարկել անգամ չեն կարող, հավելելով, ոչ ընդդիմադիր գործընկերները ժամը 16։40-ին փաստաթուղթ են ներկայացրել, որն անբավարար է։

Թեմային լրագրողների ու «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի զրույցի ժամանակ ԱԺ նախագահը մեկ անգամ էլ որոշեց անդրադառնալ՝ այս անգամ մոտեցավ ընդդիմության դիմումը ձեռքին ու այն անվանեց «զապիսկա»։

 

«Ազգային ժողովի խորհուրդը զապիսկեք չի քննում»,- ասաց Սիմոնյանը իսկ Մինասյանը հակադարձեց, որ 1/5-րդի պահանջով պարտավոր է քննարկում կազմակերպել։ Սիմոնյանը հավելեց, որ զեկուցող պետք է լինի, սակայն Մինասյանը պնդեց, որ օրենքն այլ բան է ասում, նիստը նախաձեռնել են ընդդիմության ներկայացուցիչները։ Սիմոնյանը պնդեց, որ պատշաճ ձևով չեն ներկայացրել դիմումը։

 

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նշեց, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար դիմումն է։ Իսկ Արծվիկ Մինասյանը պնդեց, որ որպես կառավարության պատասխանատու անձ պետք է ներկայանա Նիկոլ Փաշինյանը։ Սիմոնյանը հեգնանքով նշեց, որ պետք է ծանոթանան ընթացակարգերին, իսկ Մինասյանը պատասխանեց, որ Սիմոնյանը պատասխանատու է նիստ հրավիրել ու քննարկել անվտանգային հարցեր։ ԱԺ նախագահը վստահեցրեց՝ օրենքը իրեն թույլ չի տալիս.

 

 «Վատ աշակերտի պես ոչ նախագիծ են ներկայացրել, ոչ զեկուցող և ուզում են նիստ հրավիրել»,– ասաց Սիմոնյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հակադարձեց` ասելով, որ իրավունք չունի մերժել նիստ հրավիրելու առաջարկը, ինչին էլ Սիմոնյանն արձագանքեց` եթե այդպես է, թող դիմի էթիկայի հանձնաժողով։ Արծվիկ Մինասյանը հավելեց` հայտարարությամբ հանդես կգան։

Քաղաքականություն