Փաստաթուղթը, որ դրված էր սեղանին, ես պատրաստ էի ստորագրել. Փաշինյան
«Ոչ ավելի խորացել են, ոչ էլ ավելի չեն խորացել». Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի տարածքներ ներխուժելու մասին տեղեկություններին։ Փաշինյանն ասում է, ըստ էության, առաջխաղացում չկա, կա պարզապես դիրքային փոփոխություններ՝ նույն տարածքում։
«Բալանսի առումով ոչ մի բան չի փոխվել։ Կան ներխուժված հատվածներ, որոնցում մենք և ադրբեջանցիները ունենք դիրքեր։ Նախկինում էլ ունեինք, հիմա էլ ունենք։ Այս ընթացքում դիրքերի բաշխվածությունը փոխվում է։ Մենք ենք գնում ուրիշ տեղ դիրք դնում, որի արդյունքում իրենց ինչ- որ դիրքերի գոյությունը անիմաստ է դառնում, հանում են, տանում են ուրիշ տեղ են դնում՝ նույն տարածքի մեջ։
Մայիսի 12-ից սկսած ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ տարածք և օկուպացրել 41 քառ. կմ։ Նախօրեին ևս ագրեսիա են կիրառել ՀՀ-ի նկատմամբ։ Երեկվա գործողությունների հետևանքով «բալանսը» ոչ մի կերպ չի փոխվել։ Փաշինյանը նշեց, որ մայիսի 12-ից հետո Ադրբեջանի և ՀՀ ԶՈՒ-երի դիրքերը շախմատաձև դասավորված են՝ երբեմն «մխրճված մեկը մյուսի մեջ անտրամաբանական ձևով»։
Վարչապետն ասաց, որ մայիսի 12-ից առաջ էլ ՀՀ շուրջ 40 և ավելի քառ. կմ տարածք եղել է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ առաջին պատերազմի հետևանքով։
«Առաջին պատերազմի արդյունքով նաև սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել են և գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո։ Ըստ էության՝ այս հանգամանքների բերումով է, որ կարևորվում է սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը։ Երբ ասվում է, որ Ադրբեջանը մեր տարածքները օկուպացրել է, միջին վիճակագրական ռեակցիան հետևյալն է՝ «այո այդպես է, բայց այնպես չէ, որ միանշանակ բալանս կա։ Տարածքներ կան, որ ձեր վերահսկողության ներքո են, բայց չպետք է լինեին և կան, որ Ադրբեջանի վերհսկողության տակ չպետք է լինեին»։
Փաշինյանը հավելեց, որ նախկինում էլ մենք նման իրավիճակ ունեցել ենք և ունենք։ Քանի դեռ այդ հարցերը կան, միջազգային հանրությունը դա դիտում է որպես լարվածության աղբյուր և ակնկալիք ունի, որ կողմերը հարցը քննարկեն, լուծման բանաձևերը կգտնեն ու կդնեն ռելսերի վրա, իրենք էլ ընդունում ու ընկալում են միջազգային հանրության այդ ուղերձը։
«Ինչքան էլ ծանր քննադատության արժանացա ժամանակին, այն փաստաթուղթը որ դրված էր սեղանին, ես պատրաստվում եմ ստորագրել։ Ներքաղաքական աղմուկի պատճառով պրոցեսը խափանվեց։ Դրանից հետո երկու անգամ եղել է առաջարկներ՝ սկսելու և մենք համաձայնել ենք գործընթացը սկելու։ Այդտեղ գաղտնիք չկա»,- ասաց Փաշինյանը։