
Գլխավոր դատախազի և տեղակալների հավելավճարները կբարձրանան 90 -120 տոկոսով. նախագիծ

Հայաստանյան որոշ պաշտոնյաների հավելավճարներն առաջիկայում կբարձրանան` հասնելով ամենամսյա աշխատավարձի 100-120 տոկոսին։ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում նման փոփոխություններ է առաջարկել ՀՀ Արդարադատության նախարարությունը։ Նախագիծը հրապարակվել է e-draft էլեկտրոնային հարթակում:
Նշվում է, որ նախագծի ընդունումը ուղղված է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարման ապահովմանը։
Նախագծի համաձայն` աշխատավարձի նման բարձրացում է նախատեսվում ՀՀ գլխավոր դատախազի ու նրա տեղակալների համար։ Հեղինակներն այս պաշտոնները համարել են «առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող», և այդ առանձնահատկություններով պայմանավորված` առաջարկում են սահմանել հավելումների հետևյալ չափերը.
ՀՀ գլխավոր դատախազ` 95 տոկոս,
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ` 100 տոկոս։
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները համակարգող)` 120 տոկոս,
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող)` 90 տոկոս,
ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ` 100 տոկոս։
ՀՀ գլխավոր դատախազի աշխատավարձը կազմում է 992 հազար 100 դրամ, նրա տեղակալներինը` 727 հազար 540 դրամ: